Հիշատակի հոգեհանգիստ Վիրահայոց թեմում |
2014 թվականի դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագ: Հոգևոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը՝ տիկնոջ հետ, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, վիրահայ համայնքային այրեր, հասարակայնության ներկայացուցիչներ: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց քրիստոնեական ավանդությունների նշանակության և դրանք ճիշտ և ըմբռնումով կատարելու մասին: Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի զոհերի և վերջերս Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգիների խաղաղության համար: Թեմակալ առաջնորդը Աստծու փորձություն անվանեց արցախյան պատերազմի ծանր օրերին հայ ժողովրդին պատուհասած երկրաշարժը, որի աղետաբեր ցնցումներից վայրկյանների ընթացքում զոհ դարձավ 25 հազարից ավելի մարդկային կյանք: Սրբազան հայրը հիշեց նաև Արցախի սահմանագծին թշնամու գնդակին զոհ գնացած զինվորներին և վերջերս խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին, որոնցից մեկը Թբիլիսիում ճանաչված «Անի» համույթի ղեկավար Անգելինա Նազարյան-Քոչյանի քեռու տղան էր: Վազգեն Սրբազանը հիշեց նաև աշխարհի երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին: Նա արժևորեց հարևան քրիստոնյա Վրաստանի և վրաց ժողովրդի օգնությունը և նշեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշում իրեն ցուցաբերած աջակցությունը: Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը, բայց հայ մարդը շարունակում է իր աղոթքով հայցել խաղաղություն զոհերի հոգիների համար և մոմ վառել նրանց հիշատակին: Երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում և մոմեր վառվեցին նրանց հոգիների խաղաղության համար:
|