Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի անդամները հանդիպեցին հայ երիտասարդների հետ |
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի համագործակցության շրջանակներում, կայացավ հանդիպում հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր Եվրամիության և Վրաստանի եվրոպական ինտեգրման թեմային: Ակումբի ղեկավարներ Գիորգի Գոգուաձեն և Գիորգի Տումասյանը վարած դասախոսության ընթացքում քննարկեցին Եվրամիության ստեղծման պատմությունը, Վրաստանի եվրոպական ինտեգրման դրական և բացասական կողմերը, ասոցացման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այցեհրավերների և Եվրամիության երկրներում կրթությունը շարունակելու հնարավորությունները: Հանդիպման երկրորդ մասը ընթացավ բանավեճի ձևաչափով: Հայ երիտասարդները բանախոսներին առաջադրեցին Վրաստանի և Հայաստանի ինտեգրման տարբեր միավորումներին անդամակցության, երկու երկրների միջև փոխայցելությունների, ՀՀ քաղաքացիների Վրաստան այցելությունների վերաբերյալ հարցեր: Նախագիծն իրականացվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ:
|