Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի վարչապետի՝ կրոնական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը |
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպեց Վրաստանում գործող չորս կրոնական համայնքների՝ հայ առաքելական և կաթոլիկական Եկեղեցիների և մուսուլմանական ու հրեական թեմերի ղեկավարների հետ: Վիրահայոց թեմը ներկայացնում էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ողջունելով ներկաներին, վարչապետ Ղարիբաշվիլին նշեց, որ Խորհրդային Միության իշխանության ժամանակաշրջանում կրոնական համայնքներին հասցված վնասի մասնակի հատուցման նպատակով կառավարության որոշումը կատարված է: Կառավարության ղեկավարը հետաքրքրվեց կրոնական համայնքների ֆինանսավորման ընթացակարգով: Հանդիպմանը ներկա կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեն ներկայացրեց համառոտ հաշվետվություն, ըստ որի պետության կողմից բոլոր չորս կրոնական համայնքների հետ ձևակերպված է պայմանագիր և բաշխված գումարները փոխանցված են նրանց հաշվեհամարներին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայ հավատացյալների կողմից ողջունեց վարչապետին և գոհունակություն հայտնեց Վրաստանի իշխանությունների Սրբազան Հայրը վարչապետի ուշադրությանը ներկայացրեց Վրաստանի խորհրդայնացումից առաջ երկրում գործող հայկական եկեղեցիները Թեմին վերադարձնելու հարցը, որոնց ամբողջական ցուցակը առաջնորդարանը ներկայացրել է կառավարությանը: Թեմակալ առաջնորդը բարձրացրեց նաև Վրաստանի հայ համայնքին և հավատացյալներին հուզող այլ հարցեր: Վազգեն եպիսկոպոսը շնորհավորեց վարչապետ Ղարիբաշվիլուն գալիք նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հրավիրեց հունվարի 6-ին մասնակցելու Սուրբ Ծննդյան և ջրօրհնեքի արարողությանը:
|