1

fb you od

«Հայարտուն« կենտրոնի ստեղծագործական խմբերի հաշվետու համերգ PDF Տպել Էլ.փոստ

hashvetu hamerg 

2014 թվականի դեկտեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կենտրոնի ստեղծագործական խմբերի կիսամյակային հաշվետու համերգը: Մարդաշատ դահլիճում տեղեր էին գրավել Թեմի առաջնորդը՝ հոգևոր դասի հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը վարող«Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանն իր բացման խոսքում անդրադարձ կատարեց վրացահայության շրջանում հայ մշակույթի պահպանմանը և կարևորեց սերունդներին մշակութային արժեքները սովորեցնելով, նաև ստեղծագործական խմբակներում սերնդափոխության իրականացումը:

Հաշվետու համերգը մեկնարկեց Հայրենիքին նվիրված գրական մոնտաժով, որին մասնակցում էին ասմունքի խմբակի անդամները՝ խմբակի ղեկավար, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան Սամվել Էլբակյանի գլխավորությամբ:

Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Գուսան Շերամի ստեղծագործությունների, նաև դասական ու ժամանակակից, Ժողովրդական ու էստրադային, հայերեն ու անգլերեն երգերը հնչեցին «Ներսես Շնորհալի» մանկական համույթի այս անգամ արդեն առանձին անդամների մենակատարումներով:

Ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունեցող դուդուկի (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան) և դհոլի (ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե) խմբակները զարմացրին հանդիսատեսին իրենց ռիթմիկ, գրագետ և հնչեղ կատարումներով:

«Հայարտուն» կենտրոնի բացման հետ միաժամանակ ստեղծված «Ներսես Շնորհալի» համույթը վաստակաշատ խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի անբասիր աշխատանքի շնորհիվ կիսամյակային հաշվետու համերգին ներկայացավ միանգամայն նոր ծրագրով, կատարումների նկատմամբ նոր մոտեցումներով:

«Հայարտուն» կենտրոնն ունի նաև իր վոկալ-գործիքային էստրադային համույթը: Մի համույթ, որ ձևավորվել է անդամագրված մի քանի երիտասարդների՝ երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրո, անսպառ նվիրումի և երաժիշտ Վլադիմիր Ասատուրովի անդուլ պարապմունքների արդյունքում: «Ներսես Շնորհալի» համույթի նախկին սաներ, այժմ արդեն էստրադային խմբի մենակատարներ Անի Հովհաննիսյանի և Մարի Սահակյանի շնորհաշատ ելույթները դարձան համերգի գեղեցիկ և տպավորիչ ավարտ:

Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին, գնահատանքի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակության խոսքեր ուղղեց կենտրոնի ղեկավարությանը և բոլոր ուսուցիչներին, ովքեր մեծ նվիրումով հայ պատանուն սովորեցնում են երգել, արտասանել, նվագել, սիրել և սովորել հայ մշակույթը, և նաև սիրել ու կատարել այլ մշակույթների նմուշներ:

Սրբազան հայրը երախտիքի խոսքեր ուղղեց մայր հայրենիքի Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Երիտասարդության և սպորտի նախարարություններին, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությանը և բոլոր բարերարներին այն աջակցության համար, որը նպատակաուղղված է հայրենիքից դուրս հայ դեռահասին հայկականին մերձեցնելու, ազգային ոգով դաստիարակելու գործին:

Շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Թեմի առաջնորդը հունվարի 5-6-ին հրավիրեց մասնակցելու Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի արարողություններին, ինչպես նաև ավանդական «Գաթայի փառատոնին»:

DSC01445 DSC01454 DSC01490 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)