1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղերձը PDF Տպել Էլ.փոստ

IMGP6171 

Սիրելի հայորդիներ,

Շնորհավորում եմ ձեզ Ամանորյա և Սուրբ Ծննդյան նվիրական տոների առիթով: Մաղթում քաջառողջություն և արևշատ տարիներ, գործերի հաջողություն և ընտանեկան խաղաղ ու երջանիկ օրեր:

Հարյուրամյակներով սրբագործված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները հույսի և հավատի աղբյուր են հանդիսանում մեր ժողովրդի համար: Դրանք դառնում են նոր արարումների ու տեսիլքների աղբյուր, խթան՝ նորանոր ձեռքբերումների և նվաճումների:

Անցնող 2014 թվականը եղավ Վրաստանի հավատացյալ հայության համար հաջողությունների և վերելքի տարի. ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հիշատակի խաչքարեր տեղադրվեցին Թբիլիսիում, Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում և հուշարձան՝ Նինոծմինդա քաղաքում, կազմակերպվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: Վիրահայությունը Մայր Հայրենիքի հետ նշեց Մայիսյան հաղթանակների, Անկախության, Հայոց գրերի գյուտի տոները, շքեղորեն նշվեցին Սայաթնովյան Վարդատոնի 100-ամյակը, արդեն ավանդական դարձած Տերյանական, Ջիվանու, Հավասու, Աղայանական, Հովսեփյանական օրերը: Մեր համայնքը մասնակցեց համահայկական տարբեր փառատոների և ծրագրերի: Ուխտագնացությունների միջոցով վրացահայությունը հաղորդակից դարձավ Հայաստան աշխարհի և Արցախի տեսարժան վայրերին, գործուն մասնակցություն ունեցավ Վրաստան երկրի, Թբիլիսիի բազմաբնույթ ծրագրերին և միջոցառումներին: Ընթացիկ տարում կրթամշակութային և երիտասարդական կենտրոններ ու հասարակական կազմակերպություններ հիմնադրվեցին և արդյունավետ մասնակցություն եղավ համայնքային կյանքում: Պահպանվեց մշակութային միջավայրը, և վրացահայությունը ըմբոշխնեց իր մեծերի արարումները թատերական, դասական երաժշտության, ազգագրական երգի ու պարի, գրականության և արվեստի բնագավառներում: Շարունակվեց եկեղեցաշինությունը ինչպես Ջավախքում, այնպես էլ Թբիլիսիում: Եվ այս ամենը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և քաջալերանքով, մեր բարերարների ազնիվ նվիրատվություններով, գործընկերների աջակցություններով, և ամենակարևորը՝ հավատացյալ մեր ժողովրդի, հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և համայնքային գործիչների անմնացորդ աշխատանքներով:

Վրացահայությունը մեծ ուրախությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցում և «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալեց Վրաստան ժամանած Մայր Հայրենիքի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանին և ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին: Կարևոր էին նաև մեր հանդիպումները Վրաստանի նախագահ պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որտեղ բարձր մակարդակով քննարկվեցին վրացահայությանը հուզող հարցեր: Շարունակվեցին եղբայրական հարաբերությունները Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ:

Սիրելի քույրեր և եղբայրներ, գալիք 2015 թվականը Մայր Հայրենիք Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության համար առանցքային նշանակություն ունի: Հայրենազրկված և ցեղասպանված հայությունը առավել համախմբված, հետևողական և պատասխանատու պիտի լինի համազգային նպատակների, արդարության և հատուցման համար արվող քայլերում: Հավատում ենք հայության հաղթական ներկային և վաղվա լուսավոր ապագային: Մենք առաքելություն ունենք աշխարհում և դեռևս չիրականացված նպատակներ: Թող Բեթղեհեմի Սուրբ Մսուրում մարդացած Աստված օրհնի քրիստոսասեր և հայրենանվեր մեր ժողովրդին, խաղաղ պահի հայոց և վրաց երկինքը, ջերմացնի հայերի և վրացիների հազարամյակների բարեկամությունը, ամրացնի Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների քրիստոնեական համագործակցությունը ի փառս հավատացյալների հոգևոր ուրախության և ընտանեկան երջանկության:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)