1

fb you od

Հին Թիֆլիսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

jovani vepkhvadze 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը փոքր էր ցուցահանդեսի բոլոր այցելուներին ընդունելու համար, իսկ ցուցահանդեսը, իրավամբ հետաքրքիր էր, կարոտալի, ջերմ զգացմունքներ առաջացնող ...

Իմ Թիֆլիսը... այս խորագիրն էր կրում 2015 թվականի փետրվարի 6-ին այստեղ բացված վաստակաշատ գեղանկարիչ Ջիովաննի Վեփխվաձեի յուղաներկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Ցուցադրվել էր 30 կտավ՝ մեզանից հեռացող և գրեթե անհայտացող հին Թիֆլիսի Հավլաբարի, Մեյդանի, Շեյթան բազարի, Հանքային բաղնիքների, շքամուտքերի, իտալական բակերի, կինտոների և դուքաններում քեֆ անող թիֆլիսեցիների պատկերներով:

Գեղանկարչության երկրպագուները, Թիֆլիսը հիշող և չհիշող քաղաքի բնակիչները. հայեր, վրացիներ, ռուսներ... կարոտակեզ հայացքով և սրտառուչ ջերմությամբ դիտելով նկարները, վերապրում էին հին թիֆլիսյան շունչը:

Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, հպարտությամբ նշելով, որ անվանի նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց հատկապես «Հայարտուն» կենտրոնում, որտեղ այսօր ստեղծվել է հին քաղաքին հատուկ շարժուն կոլորիտը:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վեփխվաձե ստեղծագործողին անվանեց գեղանկարչության էսսեիստ, որի վրձնած բոլոր կտավները ներկապնակի գույներով և նկարչի հմուտ շարժումներով դարձել են իրենց խորքից եկող լույսի անդրադարձում, հարազատ մնալով իրենց բովանդակությանը: Իսկ հայտնի արվեստագետ Ալեքսանդր Պիրադովը կարևորեց Ջիովաննի գեղանկարչության երկու ուղղությունները. հին Թիֆլիսի հետքը վերակենդանացնող աշխատանքները և նատյուրմորտները, որոնք ռեալիզմի անգնահատելի նմուշներ են:

Սրբապատկերների մեծավարպետ Միխեիլ Մճեդլիշվիլին Ջիովաննի Վեփխվաձեի աշխատանքները իրենց իրատեսությամբ անվանեց «Կյանքը արվեստում»:

Իսկական թիֆլիսեցի, հայ-վրացական բարեկամության ջատագով, իր քաղաքի նվիրյալ Ջիովաննի Վեփխվաձեն բազմակողմանի տաղանդավոր ստեղծագործող է. գեղարվեստական խոսքի մեծ վարպետ, գրական ստեղծագործությունների հեղինակ, ում գործերը թարգմանվում են տարբեր լեզուներով. այսպիսին էր «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի, դերասան Ռոբերտ Հովհաննիսյանի, պատմաբան Ենոք Թադևոսյանի, երաժիշտ Արտեմ Կիրակոզովի և այլոց կողմից Ջիովաննի ստեղծագործողին տված գնահատականը:

Ջիովաննի Վեփխվաձեն իր խոսքում նշեց, որ իր հոգուն մոտ է եղել թիֆլիսյան թեման, նկարել է տարբեր ժամանակներում, տարբեր առիթներով, երբեմն գեղեցկությունը վերարտադրելու հիացմունքով , երբեմն հեռացող առօրյայի հետքը պահպանելու մտորումով... և դա եղել է քաղաքի նկատմամբ տածած իր սիրո արտահայտությունը: Վեփխվաձե նկարիչը շնորհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմին, նրա առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնին, Վրաստանի հայ նկարիչների միությանը իր արվեստը գնահատելու և անհատական ցուցահանդես կազմակերպելու համար:

Վերջում իր օրհնությունը հղելով ներկաներին, գնահատանքի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ջիովաննի Վեփխվաձեին անվանեց բարի, հավատքով լի, Աստծով ապրող մարդ, ում արվեստը ներշնչված է սիրով: Սրբազանը արձանագրելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրենց հայրենիքում նահատակված մեկ ու կես միլիոն հայերին և մազապուրծ փրկված փախստականներին, որոնց առաջինների թվում ապաստանել է նաև Վրաստանն ու վրաց ժողովուրդը, նշեց, որ այստեղ հաստատված բազում հայերի ու նրանց սերունդների ձեռքերով ու նաև տածած մեծ սիրով է ծաղկել ու բարգավաճել այս գեղեցիկ քաղաքը: Սրբազան հայրը կոչ արեց ապրիլին ազգովին պահանջատիրոջ իրավունքով հիշել ու խոնարհվել Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև:

Ջիովաննի Վեփխվաձեի «Իմ Թիֆլիսը» խորագրով անհատական ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 14-ը:

10320505 431060430374729 409204358466902200 n 10430411 431058623708243 3675279382900851584 n 10945782 431059037041535 2507986529652415085 o 

10968088 451196688363083 423421164 n DSC01647