Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում |
Ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, Վիրահայոց թեմում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Տեառնընդառաջի տոնը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Տերունի տոնի տոնակատարութունը սկսվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարված նախատոնակով: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Հայ ժողովրդի սիրած Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք այս Սուրբ տաճարում պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում: Եկեղեցու մերձակա տարածքում հատուկ կազմակերպված բեմահարթակից հավաքված հոծ բազմությանը ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը կարևորեց մայր հայրենիքից դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու կարգը: Թեմակալ առաջնորդը հիշեց Սուրբ Սարգիս զորավարի հիշատակի օրը և երիտասարդության օրհնության կարգը, որին հաջորդում է նորապսակների օրհնությունը: Դրանք այն ավանդական և հոգևոր տոներն են, որ հայ ժողովուրդը, համախմբած իր Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջը,կոչված է պահպանելու և սերունդներին է փոխանցելու: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Վրաստանի իշխանություններին և վրաց ժողովրդին, որոնց բարյացակամ վերաբերմունքով վիրահայությունը տերն է իր ազգային և հոգևոր արժեքների և հոգում է դրանց զարգացման մասին: Տոնի կապակացությամբ Թեմի մշակույթի բաժինը (տնօրեն Լևոն Չիդիլյան) «Հայարտուն» կենտրոնի և երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ կազմակերպել էր ճոխ համերգ: Ու տարածվեց ազգային երգն ու պարը ու վառվեց տեարնընդեզյան խարույկը, որը կրկնապատկեց տոնական տրամադրությունը: Համերգի վարող Լիզա Թորոսյանի հայտարարությամբ իրար հաջորդեցին «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե), «Անի» պարային և «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» ազգագրական երգի-պարի համույթների (պարուսույց պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան), դհոլի և դուդուկի դասարանների սաների (ուսուցիչներ՝ Ռոբերտ Կաշավանիձե, Իվանե Մկրտչյան), անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Նինա Կարապետյան-Գեվորկովայի, Հովհաննես Շահնազարյանի, Հենրիխ Պետրոսյանի ելույթները և «Հայարտուն» կենտրոնի սկսնակ կատարողների բեմելը: Ուշագրավ էր, որ համերգին մասնակցեց Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի նորաստեղծ պարային խումբը՝ պարուսույց Լիանա Կաշավանիձեի ղեկավարությամբ: Մինչև ուշ երեկո ընթացող տոնակատարության, ուրախ երգի ու պարի հիասքանչ ավարտ դարձավ գեղեցիկ հրավառությունը: Նորապսակների համար Սբ.Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և եկեղեցու կնքահայր Յուրի Երեմյանի աջակցությամբ «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հյուրասիրություն, որի ընթացքում ամուսնացած զույգերը ունեցան նաև փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավորություն: Փետրվարի 14-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ տրվեց տոնական Սուրբ Պատարագ, որի Պատարագիչն էր հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Տեառնընդառաջի տոնը մեծ շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում: |