Անդրանիկ զորավարի արծվային հոգին սավառնեց «Հայարտուն» կենտրոնում |
Հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդ մեծն Անդրանիկի ծննդյան օրը, փետրվարի 25-ին, Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճի մթնոլորտը հագեցած էր նրա հայրենաշունչ ոգով: Բազմամարդ դահլիճում հավաքվել էին տարբեր հասակի մարդիկ՝ իրենց խոնարհումը բերելու լեգենդար հերոսի անմահ հիշատակին, ոգեկոչելու հայդուկ-հայդուկապետի քաջագործությունները: Բացելով միջոցառումը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը արժևորեց հայ ժողովրդի պանծալի զավակի հիշատակը և ներկաներին շնորհավորեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրվա առթիվ, զորավար, ով իր անվեհեր սխրագործություններով դասվել է բուլղար, հույն, ռուս և մյուս ժողովուրդների հերոսների շարքում, արժանացել Գևորգյան 4-րդ կարգի մեդալի, Գևորգյան 4-րդ և 3-րդ կարգի խաչերի, պարգևատրվել Սբ. Ստանիսլավի 2-րդ կարգի սրով և Սբ. Վլադիմիրի 4-րդ կարգի շքանշանով: Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսության նկարահանած «Անդրանիկ Օզանյան» վավերագրական ֆիլմը: Այն ամբողջացվեց պատմաբան Ենոք Թադևոսյանի մեծն Անդրանիկի անցած կյանքի ուղու, ազգի ճակատագրով ապրող լեգեդար հերոսի սխրագործությունների մասին բանախոսությամբ, նշվեց արծվի նման լեռներում սավառնող, երկինք-գետին թնդացնող անհաղթ հերոսի անունը վախով, նաև ակնածանքով արտասանող թուրքերի ու քրդերի կողմից քաջարի զորավարի մեծարումը՝ Անդրանիկ փաշա- անունով: Հայ ժողովրդի պանծալի զորավարի համար առաջնայինը եղել է ազգն ու ժողովուրդը, նրա տառապալից ուղին: Ազգի փրկության և ազատագրության գաղափարը դարձել է անպարտելի զորավարի կյանքի նպատակն ու սկզբունքը, որը սակայն նա չկարողացավ մինչև վերջ հասցնել: Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը անթաքույց հուզմունքով հիշեց Անդրանիկ Օզանյանի զորքում ծառայած իր պապի պատմածը հերոսական զորավարի մասին և ընթերցեց մեծն Անդրանիկի հիշատակին նվիրած և բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլու կողմից թարգմանված իր բանաստեղծության հայերեն և վրացերեն տարբերակները: Միջոցառման ամփոփիչ խոսքում հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը արժևորեց ազգային հերոսների հիշատակին նվիրված միջոցառումը, կարևորելով նրանց նվիրվածությամբ ոգեկոչվելու, դաս առնելու անհրաժեշտությունը, ընդգծելով, օտարության մեջ հայ մնալու դժվարությունը և ձուլվելու հեշտությունը : Տեր Հայրը հիշեցրեց հայդուկ-հայդուկապետեր Անդրանիկ զորավարի, Աղբյուր Սերոբի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Արցախյան պատերազմի հերոսամարտիկների օրինակով ազգասեր և հայասեր սերունդ աճեցնելու հայի պարտականության մասին: Մեծ զորավարին իր սերն ու խոնարհումը հայ ժողովուրդն արտահայտել է նրան ձոնած բազում երգերով ու բանաստեղծություններով,որոնց ընթերցանությամբ հանդես եկավ Լիզա Թորոսյանը, իսկ երգերը կատարեցին Հենրիխ Պետրոսյանն ու կենտրոնի Ներսես Շնորհալի պատանեկան երգչախումբը՝ խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ:
|