«Բարի Սամարացի» կազմակերպության երեխաների սերը Վրաստանի իրենց հասակակիցներին |
Ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրը առանձնակի ուրախություն և բերկրանք էր պարգևում Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայաբնակ շրջանների ու գյուղերի երեխաներին: Վիրահայոց թեմի հոգևոր հայրերը «Վրաստանում բարի սամարացի» միջազգային բարեգործական ընկերության ղեկավար Մերաբ Օրագվելիձեի տնօրինությամբ և լոգիստիկայի համակարգող Կարեն Երիցյանի առաջնորդությամբ,ամեն օր այցելելով տարբեր բնակավայրեր՝ մանկապարտեզների ու դպրոցների 3-14 տարեկան երեխաներին մեկնաբանում էին Տեր Հիսուս Քրիստոսի տածած մեծ սերը մանուկների նկատմամբ և որպես այդ մեծ սիրո վկայություն երեխաներին բաժանում էին այն նվերները, որ գույնզգոււյն տուփերի մեջ հավաքել և իրենց հասակակիցներին էին հղել տարբեր երկրների տարբեր ազգերի երեխաները: Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի քրիստոնեական սիրո և բարության մասին քարոզից հետո նվերներ ստացան Մառնեուլի քաղաքի և Միրզոևկա, Կարմիր գյուղ, Շահումյան ավանի երեք դպրոցների և մանկապարտեզի, Դամիա գյուղի երեխաները: Իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Բարի սամարացի» կազմակերպության նվերներով ուրախացրեց Մառնեուլի շրջանի Ծոփք, Գյուլիբախ, Չանախչի, Խոժոռնի, Աղքյորփի, Խոխմել, Բրդաձոր գյուղերի երեխաներին: Մանկական սիրո և բարության բերկրանք ապրեցին նաև Բոլնիս քաղաքի հայ-վրացական դպրոցի, Բոլնիս-Խաչեն և Կիանեթ գյուղերի դեռահասները, որոնց նվերներ բաժանվեց Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի բարության մասին երեխաներին ուղղված խոսքից հետո: Թեթրիծղարոյի շրջանի Շամշուլդա և Դաղեթ-Խաչեն գյուղերին «Բարի սամարացի» կազմակերպության նվերները բաժանեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը նվերներով ուրախացրեց տեղի երեխաներին: «Բարի սամարացի» միջազգային բարեգործական ընկերության միջոցով իրենց հասակակիցներին ուղարկած նվերների բաժանումը Վրաստանում շարունակվում է:
|