Վիրահայոց թեմի հոգևոր հայրը խոսեց թեմի հիմնախնդիրների շուրջ |
2015 թվականի փետրվարի 23-ին, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը հասարակությանը ներկայացրեց 2014 թվականին կատարած աշխատանքները և Վրաստանի պետության կրոնական քաղաքականության ռազմավարությունը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի կառավարության, խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի և Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը ներկայացնում էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը և Թեմի իրավական հարցերի և պետության հետ համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը: Գործակալության գործունեության և կրոնական համայնքների հետ համագործակցության կապակցությամբ իրենց կարծիքները արտահայտեցին Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Նորլանդը, Վրաստանի բռնագրավված տարածքներից հարկադրված տեղաշարժվածների և տարհանվածների նախարար Սոզար Սուբարը և ուրիշներ: Իր ելույթում Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը արժևորեց կրոնի հարցերով պետական գործակալության հիմնումը և գործունեությունը Վրաստանի կրոնական համայնքներում կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ և կոչ արեց եկեղեցիները կրոնական համայնքներին վերադարձնելու մեխանիզմները համապատասխանեցնել Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու հանդեպ պետության կողմից ձևավորված մեխանիզմներին ու սկզբունքներին ճիշտ այնպես, ինչ կերպով դա կատարվել է Արևելյան Եվրոպայի երկրներում: Բանախոսը կարևորեց նաև կրոնական համայնքների մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հոգևոր հայրը բարձրացրեց նաև Վրաստանում 2014 թվականին անցկացված մարդահամարի լուրջ թերությունների հարցը և առաջարկեց 2015 թվականին պետական բյուջեով նախատեսված գումարները բաշխելիս՝ հաշվի առնել տվյալ եկեղեցական համայնքի տուժվածության մասշտաբները, այլ ոչ թե գործող եկեղեցիների կամ հոգևորականների քանակը: Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը Վիրահայոց թեմի առաջնորդի անունից հավաստիացրեց, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը կշարունակի համագործակցությունը Կրոնի հարցերով պետական գործակալության և նրա ղեկավարի հետ:
|