1

fb you od

Վահան Տերյան` 130, Հայոց Ցեղասպանություն` 100 PDF Տպել Էլ.փոստ

Teryan 

Այս խորագիրն էր կրում 2015 թվականի մարտի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում տեղի ունեցած գրական-երաժշտական երեկոն: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը՝ «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Մասնակիցները՝ Թեմի Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաներն էին:

Երեկոն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Լեփ-լեցուն դահլիճում տեղեր էին զբաղեցրել գրողներ, բանաստեղծներ, գործարարներ, Վահան Տերյանի պոեզիայի երկրպագուներ:

Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ներկաներին շնորհավորելով Ծաղկազարդի տոնի առիթով, բեմահարթակը տրամադրեց կիրակնօրյա դպրոցի սաներին և ուսուցչուհուն:

Վահան Տերյանի հուզառատ պոեզիան իր գիրկն առավ ներկաներին ու տարավ դեպի սիրո բերկրանքի, բաժանման ցավի, հայրենիքի դժբախտ ներկայի, Ցեղասպանության մահասարսուռ օրերի, հուսահատության, վշտի ապրումներ հիշեցնող անցյալը:

Թերթելով հայ մեծ քնարերգուի կյանքի և գործունեության էջերը, երիտասարդ հայորդիները, որ ընդամենը մեկ-երկու տարի առաջ հազիվ էին թոթովում մայրենին, գեղեցիկ արտասանությամբ և մեծ հուզմունքով ներկայացրեցին Վահան Տերյանին, նրա գործունեության դրվագները,հնչեցրին բանաստեղծական այն տողերը, որ այնպես մաքրում, գեղեցկացնում ու նաև հուզում են հոգիները, հիշեցին մեծ քնարեգուի ստեղծագործության մասին ինչպես հայ, այնպես էլ այլ ազգերի մեծամեծերի ասույթներն ու գնահատականը :

Անգնահատելի էր ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի ներդրումը, որ կարողացել էր մայրենիի դասընթացը շաղկապել հայրենասիրության, ազգասիրության զգացումների, անցյալի կորուստների, Ցեղասպանության զոհերի հիշատակի հետ, ներշնչելով հայոց լեզվի հարատևման, հայ մշակույթի հարստացման, անմեղ զոհերի հիշատակի հավերժացման գործին զինվորագրվելու հայի առաքելությունը ,- ահա այս էր արձանագրված բանախոսներ Անահիտ Բոստանջյանի, Միքայել Թադևոսովի, Մելանիա Բարսեղյանի, Սամվել Աղեկյանի, Լևոն Օսիպովի ելույթներում:

Օրհնության իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդը արժևորեց ուսուցչուհու նվիրումը սերունդների հայեցի կրթության գործին, ողջունեց երիտասարդների՝ մայրենին սովորելու որոշումն ու կամքը: Թեմակալ առաջնորդը կարևորեց այն, որ լեզուն պահպանելով, հավատքին հավատարիմ մնալով, նախնիների հիշատակը ոգեկոչելով, արժեքները պահպանելով, հայրենիքի բարգավաճմանը օժանդակելով հայ ժողովուրդը կարող է հասնել իր դատի արդար հաղթանակին:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Վահան Տերյանի՝ երգերի վերածված բանաստեղծությունները:

DSC02315 DSC02321 DSC02348 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)