Վիրահայոց թեմում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը |
2015 թվականի ապրիլի 5-ին, Սուրբ Զատիկը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլի շրջանում, Բաթումիում նշվեց հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ, և Հայ Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Օրը առանձնապես տոնական էր Թբիլիսիում: Հավատացյալներով լեփ-լեցուն էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը և մերձակա տարածքը: Հայոց հինավուրց Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ: Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ, Զատիկի կապակցությամբ, և օրվա խորհրդի մասին քարոզում հիշատակեց Փրկչի հարության նման Ցեղասպանության ջարդից հարություն առած, հայրենազրկված ու աշխարհով մեկ սփռված հայությանը, ով կրկին կերտելով իր պատմությունը՝ կառուցում է իր տաճարները, պահպանում հայոց լեզուն, գրոց բարբառը և ամենուրեք հնչեցնում է իր շարականները: Սրբազան Հայրը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով այսօր նշում է Ծաղկազարդի տոնը: Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:
|