«Հայոց գողգոթա» հայ և վրացի նկարիչների խոնարհումը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին |
2015 թվականի ապրիլի 19-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց «Հայոց գողգոթա» խորագրով ցուցահանդես, որին ներկայացված էին Մեծ Եղեռնի թեմայով Թբիլիսիի և Սամցխե-Ջավախքի տարբեր սերնդի հայ և վրացի նկարիչների աշխատանքներ՝ եղեռնագործված մեկուկես միլիոն հայերի հիշատակին: Ցուցահանդեսի բացմանն իր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի հետ միասին: Այցելուների շրջանում էին հայ, վրացի, ռուս արվեստագետներ, նկարիչներ, մտավորականներ, մայրաքաղաքի օտարազգի հյուրեր: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, ճանաչված մանրանկարիչ Մերուժան Շահումյանը մեկնաբանեց ցուցահանդեսի խորհրդանշական անվանումը. Հիսուս Քրիստոսի դեպի Հարություն տանող ճանապարհի նման հայ ժողովրդի պատմական ուղին եղել է տառապանքներով լի, արյուն-արցունքով շաղախված, որ տարել-հասցրել է Դէր-զօրի անապատներ, բայց գողգոթայի բարձունքին հասած բազմաչարչար Տիրոջ նման հայ ժողովուրդն ունեցել է փրկություն և վերածնունդ՝ աշխարհին ներկայանալով իր մշակույթով, գիտության նվաճումներով և համամարդային արժեքներով: Ցուցահանդեսին մասնակցող նկարիչներ Գելա Կենճուաշվիլին, Ամիրան Կուպրավան, Գիա Մարկոզաշվիլին, Լադո Կվաճաձեն, Արտեմ Անտանոսյանը, Միքայել Գրիգորյանը, Վալիկո Առաքելյանը, Կառլեն Կարապետյանը և ուրիշներ, ցուցադրված ավելի քան 60 կտավների միջոցով իրենց ցասումն են արտահայտել ցեղասպանության դեմ, դատապարտելով մարդկանց դաժան նահատակությունը: Ցուցահանդեսի կազմակերպմանը, «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը, վրացի նկարիչների մասնակցությանը և անձամբ Վիրահայոց թեմի առաջնորդի ազգանվեր գործունեությանը երախտիքի խոսքեր ուղղեցին բանախոսներ, ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ Լևոն Օսիպովը, պատմաբան Ենոք Թադևոսյանը, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Գրիգորյանը և ուրիշներ: Բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը սեփական բանաստեղծության ընթերցմամբ արտահայտեց իր ցասումը, արդարության և հատուցման պահանջը անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար: Վերջում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց բոլոր մասնակիցներին, բարձր գնահատեց ցուցահանդեսը և վրացի նկարիչների մասնակցությունն անվանեց զորակցություն հայ ժողովրդի 100-ամյա ցավին: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց Վրաստանին և վրաց ժողովրդին, ով այն դաժան օրերին օգնության ձեռք մեկնեց ցեղասպանությունից փրկվածներին և ապաստարան տվեց իր երկրում, որոնց սերունդներն իրենց նվիրական աշխատանքով այսօր շարունակում են գործել և արարել այս երկրի բարգավաճման համար: Ցուցահանդեսի ժամանակ կատարվեց նաև Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի ու «ՇԷՆ» ասոցիացիայի աջակցությամբ լույս տեսած «Հայոց գողգոթա» կատալոգի շնորհանդեսը, որտեղ ներառված են ցուցահանդեսի մասնակից նկարիչների աշխատանքները: Ցուցահանդեսը դարձավ հայ ժողովրդի դեմ եղեռնագործության դատապարտման և Արդարության համար միասնական պահանջ: |