Թբիլիսիում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները |
2015 թվականի մայիսի 1-ին, մայրաքաղաքի թիվ 104 հայկական դպրոցում (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան) Հայոց Եղեռնի զոհ դարձած մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի ոգեկոչում դարձավ աշակերտության մասնակցությամբ գրական-երաժշտական մոնտաժը: Կրթօջախի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Կարինե Հովհաննիսյանի և Գյուլնարա Հարությունովայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության դատապարտման, ցասումի և հատուցման պահանջի բանաստեղծական ծաղկաքաղ, որն ընդգծված շեշտադրությամբ, ճիշտ ըմբռնումով և բողոքի պաթոսով ներկայացրեցին աշակերտները: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի և «Հայասրտուն» կենտրոնի ներկայացուցիչները, հյուրեր, ծնողներ, մանկավարժներ ու աշակերտներ, ովքեր անթաքույց հուզմունքով ունկնդրեցին հայի տեսակը ոչնչացնելու և վերացնելու թուրք չարագործների նպատակների, մազապուրծ փրկված հայ ժողովրդի վերածննդի, հայոց պետականության վերականգնման և մայր հայրենիքի առաջընթացի մասին աշակերտների ասմունքը: Գրական-երաժշտական մոնտաժը արժևորվեց դպրոցի սաներ Աիդա Բազոյանի, Էռնեստ Սիմոնյանի և մյուս աշակերտների կողմից Ցեղասպանության հիշատակին գրված երգերի հրաշալի կատարումներով: |