Ղազարոս Աղայանի 175-ամյա հոբելյանը հանդիսավորապես նշվեց գրողի ծննդավայրում |
Շուրջ 25 տարի առաջ Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում հաստատված «Աղայանական տոնը» այս անգամ ավելի լայնամասշտաբ էր: Ավանդական տոնը հոբելյանական էր և նվիրված էր հայ մեծ գրող, մանկավարժ և մանկագիր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին: 2015 թվականի մայիսի 2-ին մեծ գրողի ծննդավայրում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Քվեմո Քարթլիի նահանգապետարանի ու Բոլնիսի մունիցիպալիտետի հովանավորությամբ տեղի ունեցավ հերթական «Աղայանական տոնը»: Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանի ծննդավայր էին ժամանել պատվիրակություններ Թբիլիսիից, Ջավախքից, Երևանից, Աղայանի տուն-թանգարանի բակում հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, գրականության նվիրյալներ, շրջանային վարչության և նահանգապետության ներկայացուցիչներ, հյուրեր հարևան գյուղերից ու բնակավայրերից: Տոնական միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր հայրեր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Քվեմո Քարթլիում պետական լիազորի առաջին տեղակալ Կախաբեր Գուգեշաշվիլին, Բոլնիսի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գոգի Մեշվելիանին, Ղազարոս Աղայանի ազգակիցներ, գյուղի բնակչությունը: Հյուրերը ծաղկեփնջեր խոնարհեցին տուն-թանգարանի բակում բարձրացված մեծ գրողի արձանին: Այցելուները վերստին հնարավորություն ունեցան դիտելու 50-ամյա տուն-թանգարանում պահպանվող իրերը, զգալու այն ստեղծագործական մթնոլորտը, որը նպաստել է գրողի գրական մոտեցումների, մանկավարժական աշխարհայացքի, հասարակական մտածելակերպի ձևավորմանը: Տոնական հանդիսությունը բացեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը: Նա անդրադարձ կատարեց մեծ գրողի կենսագրության և գրական գործունեության էջերին, հանրությանը ներկայացնելով այն անգնահատելի ավանդը, որ ներդրել է անվանի մանկագիրն ու մանկավարժը, բազմաժանր ստեղծագործողը հայ գրականության զարգացման գործում: Ներկաներին ողջունեց և մեծանուն գրողի ավանդական տոնը նրա ծննդավայրում նշանավորելը ողջ շրջանի համար մեծ պատիվ անվանեց Բոլնիսի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գոգի Մեշվելիանին: Միջոցառմանը ելույթ ունեցան և Աղայան հասարակական գործչի և հրապարակախոսի գործունեության մեծարման, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության հարատևության խոսք ասացին գրող, բանաստեղծ Անահիտ Բոստանջյանը, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, նախկին ուսուցիչ Նորայր Բաղդասարյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, ՀՀ գրողների միության ներկայացուցիչ Արսեն Համբարյանը: Գրող Գագիկ Սանթերյանը ընթերցեց Հայաստանի գրողների միության նախագահի ուղերձը: Աղայանի տուն-թանգարանին Բոլնիս-Խաչեն գյուղի պատկերով կտավ նվիրեց Մաքսիմ Գիքինյանը, գրադարանին և տեղի հանրային դպրոցին փոխանցվեցին Վրաստանից և Հայաստանից բերված նոր հրատարակված գրքերի օրինակներ: Թբիլիսահայ վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը վարեց միջոցառման գեղարվեստական մասը, որին մասնակցեց Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Փարվանա» ազգագրական համույթը՝ Գայա Ղարսլյանի ղեկավարությամբ: Աղայանական տոնը գրական-երաժշտական մոնտաժով գեղեցկացրեցին տեղի հանրային դպրոցի սաները: Ողջ օրվա ընթացքում Բոլնիս-Խաչենում թևածում էր աղայանական ստեղծագործական շունչը, վերստին հիշեցնելով, որ Ղարաբաղից տեղահանված և այստեղ հաստատված հայորդին արդեն 175 տարի շարունակում է «ապրել» իր ծննդավայրում,չկորցնելով արդիականությունն ու ստեղծագործությունների հմայքը: |