«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները հայկական կրթօջախների ապագա առաջինդասարանցիներ |
Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կտա 19 շրջանավարտ, ովքեր քաղաքի տարբեր հանրային դպրոցներում կշարունակեն ուսումնառությունը: Ուրախալի է, որ նախակրթարանի շրջանավարտներից 14-ը ուսում կստանա հայոց դպրոցում, ընդորում՝ 12-ը Թբիլիսիի թիվ 104 հայկական, իսկ երկուսը՝ թիվ 103 հայ-վրացական հանրային դպրոցներում: 2015 թվականի մայիսի 19-ին, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի առաջնորդությամբ ու ապագա դպրոցականների ծնողների ուղեկցությամբ, նախակրթարանի 12 սաներ այցելեցին թիվ 104 դպրոց և հանդիսավորապես անցան առաջին դասարան ընդունվելու գրանցում: Երեխաները մասնակցեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի և ուսմասվար Ալմարի Սիրադեղյանի հետ հարցազրույցին, որի ընթացքում ապագա առաջինդասարանցիները ցուցաբերեցին պատշաճ գիտելիքներ ինչպես հայերենի, այնպես էլ թվաբանության նախնական իմացությունից, ցույց տվեցին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշները և կատարեցին երկու երկրների պետական օրհներգերը: Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախակրթարանի տնօրենին և «Հայարտուն» կենտրոնին՝ բազմակողմանի պատրաստված երեխաներ դպրոց ուղղորդելու համար: Նախակրթարանի տնօրինության կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա 12 շրջանավարտներ 2015-2016 ուսումնական տարին կսկսեն թիվ 104 դպրոցի առաջին դասարանում: Երկուստեք պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը Թբիլիսիում հայ երեխային հայեցի դաստիարակելու և մայրենի լեզվով կրթություն տալու ուղղությամբ:
|