1

fb you od

Հրաժեշտ Սկաուտական ճամբարին՝ կրկին վերադառնալու ակնկալիքով PDF Տպել Էլ.փոստ

1140 

Այս տարի ևս թբիլիսահայ երիտասարդների խումբը ամառային հանգսստի երկու շաբաթը գերադասեց անցկացնել սկաուտական ճամբարում, որը ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում արդեն 8-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի անտառային հովտում: 2015 թվականի հուլիսի 10-ին թբիլիսահայ երիտասարդների խումբը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ ժամանեց ճամբար: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստ 11 տղաներ ու աղջիկներ, Հովհաննես Շահնազարյանի ղեկավարությամբ, 12 օր գտնվում էին «Անդրանիկ» սկաուտական ճամբարում, վայելելով վրանային կյանքի հաճույքը:

Ճամբարում հավաքվել էին 120 հայ երիտասարդներ Լիբանանից, Իրաքից, Դուբայից, Թբիլիսիից, Երևանից և այլ երկրներից ու քաղաքներից: Սկաուտական «Անդրանիկ» ճամբարի բացումը օրհնեց և բարի գործունեություն մաղթեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Ուրախ և հետաքրքիր էր անցնում սկաուտական առօրյան. այն սկսվում էր առավոտյան մարզանքով ու դրոշակի բարձրացման արարողությամբ, այնուհետև վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան երգ ու պար խարույկի շուրջ, կրկին դրոշակի արարողություն և ննջապարկերով անուշ քուն: Կյանքն այստեղ այնքան գայթակղիչ ու զվարճալի է, որ թբիլիսահայ երիտասարդներից շատերը «Անդրանիկ» ճամբար էին ժամանել երկրորդ, երրորդ և չորրորդ անգամ:

2008 թվականին ստեղծված «Անդրանիկ» սկաուտական ճամբարը տարեցտարի ընդարձակվում է, ընդգրկվում են ավելի շատ երկրներ:Սկաուտական ճամբարներում մեկ հարկի տակ հավաքվում են սփյուռքահայ երիտասարդները, շփվում և կապեր հաստատում իրենց հասակակիցների հետ:

Հայաստանում անցկացրած օրերը անմոռանալի դարձան նաև այցելությամբ Կոմիտասի, Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարաններ Գյումրիում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հաղարծին, «Գոհար» համույթի համերգին : Սեպուհ Սրբազանի հրավերով «Անդրանիկ» ճամբարը հյուրընկալվեց Գուգարաց թեմի « Ծիծեռնակ» ճամբարում: Երիտասարդները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը:

Ճամբարային կյանքի ավարտին նվիրված ավանդական խարույկի շուրջը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը ներկայացրեցին Անի Ղուշչյանը և Հովհաննես Շահնազարյանը: ՀԲԸՄ հայ երիտասարդաց ընկերակցության վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանը բարձր գնահատեց թբիլիսյան ջոկատի մասնակցությունը և տիպար սկաուտ անվանեց Գևորգ Ավետիսյանին: Ճամբարի մասնակից սկաուտները հրաժեշտ տվեցին միմյանց` հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով:

11722563 71738090505586 11722617 50316126 28897072268 n 

4199239775846281 n 11742878 10153365886070944 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)