1

fb you od

«Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանն ընդունեց իր սաներին PDF Տպել Էլ.փոստ

DSC0385 

2015 թվականի սեպտեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում մեկնարկեց 2015-16 ուսումնական տարին: Վաղ առավոտից ուրախ աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Գույնզգույն ծաղկեփնջերով շուրջ 50 հայ մանուկներ իրենց ծնողների հետ, ուսուցիչների ուղեկցությամբ եկել էին մասնակցելու առավոտյան ժամերգությանը և ստանալու Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը:

Հավարտ ժամերգության, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն օրհնության և գնահատանքի խոսքով դիմեց ներկաներին, շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ և բարեմաղթեց առողջություն, հետաքրքիր և հաջողակ օրեր: Սրբազան Հայրը պատգամեց նախորդ տարիների նման մանուկների օրը նախակրթարանում սկսել առավոտյան ժամերգությանը մասնակցությամբ, դառնալով Տիրոջ օրհնության ու հոգևոր դասի աղոթակիրը: Առաջնորդը քաջալերեց ծնողներին, ովքեր քաղաքի տարբեր ծայրամասերից իրենց փոքրիկներին բերում են հատկապես այս նախակրթարանը համոզմունքով, որ այստեղ է դրվում հոգևոր և հայեցի դաստիարակության հիմքը: Անդրադարձ կատարվեց նախակրթարանի հնգամյա գործունեությանը և գնահատանքի խոսքեր ուղղվեց նախակրթարանի ուսուցչական կազմին: Սրբազան Հայրը թեմի կրթության բաժնի տնօրեն և նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի ղեկավարությամբ ծավալված աշխատանքը անվանեց առաքելություն՝ տոգորված նվիրական սիրով:

Տերունական աղոթքն ասելուց հետո փոքրիկները ուղղվեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ նրանց սպասում էին փուչիկներով, ծաղիկներով ու խաղալիքներով զարդարված դասասենյակները:

Առաջին օրը նախակրթարանում սկսվեց նորեկների լացով, ավագների հանդիպման ուրախությամբ և հետաքրքիր խաղով:

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը ստեղծվել է Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և նպատակամղված է հայ երեխային հայեցի դաստիարակելու, հայկական դպրոց ուղղորդելու ազգապահպան գործին: Այս տարի նորեկների թիվը հասել է 20-ի և ակնկալիք կա, որ այդ թիվը կավելանա:

«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը հպարտությամբ նշեց, որ անցած տարիների ընթացքում նախակրթարանը 40-ից ավելի երեխայի է ուղղորդել հայոց դպրոց, որտեղ նրանք աչքի են ընկել իրենց բարձր պատրաստվածությամբ:

Նախակրթարանը կազմ ու պատրաստ՝ հստակ դասացուցակով ու դասաբաշխմամբ, համալրված ուսուցչական կազմով ձեռնամուխ եղավ իր աշխատանքներին: Հավելենք, որ այստեղ երեխաները բացի ճանաչողական-ուսուցողական խաղերից, սովորում են նաև երգ-պար, նկարչություն, կատարում ձեռքի տարբեր աշխատանքներ, իսկ ավագ խմբի սաները ստանում են նախնական գիտելիքներ թվաբանությունից, դառնում են տառաճանաչ, սովորում են ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն, ստանում են հոգևոր դաստիարակություն: Նախակրթարան երեխաների ընդունելությունը շարունակվում է մինչև սեպտեմբեր ամսվա վերջը: 

DSC03855 DSC03853 DSC03869 

257498 DSC03867 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)