1

fb you od

Օծվեցին եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերը և զանգը PDF Տպել Էլ.փոստ

DSC 00412 

2015 թվականի սեպտեմբերի 12-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի «Սուրբ խաչ» եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերի և զանգի օծման կարգը:

Սրբազան արարողությանը մասնակցում էին Մառնեուլի շրջանի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Սրբազան Հայրը հոգևոր հայրերի հետ միասին նախ ջրով և գինով սրբագործեց նվիրական խաչերը և զանգը, ապա սրբալույս մյուռոնով կատարեց օծման կարգը:

Արարողությունից անմիջապես հետո խաչերը տեղադրվեցին տաճարի և զանգակատան գմբեթին և ապա կախվեց զանգը, որի առաջին ղողանջը հնչեցնելու պատիվը տրվեց «Սուրբ խաչ» եկեղեցու վերականգնող բարերար տյար և տիկին Արթուր և Աիդա Իսոյաններին:

Անչափ մեծ էր համայնքի ժողովրդի ուրախությունը, որը հավաքվել էր եկեղեցու բակում: Այստեղ էին գտնվում նաև Նինոծմինդայի շրջանի մշակույթի բաժնի վարիչ և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Սանոսյանը և ուրիշներ:

Եկեղեցու խաչերի և զանգակատան օծման արարողություններից հետո կատարվեց նաև Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված մարմարե խաչքարի օծման արարողություն:

Եկեղեցական արարողությունների ավարտին բարերար Իսոյան ընտանիքի կողմից համայնքի անդամներին և հյուրերին մատուցվեց ավանդական մատաղ:

Ավարտին են մոտենում «Սուրբ խաչ» եկեղեցու վերականգնման և բակի բարեկարգման աշխատանքները և հոկտեմբերի 13-ին տեղի կունենա եկեղեցու վերաօծման արարողություն:

DSC 0130 DSC 0201 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)