Հավերժի ճամփորդ Սուրբ Էջմիածին |
Հոդվածներ |
(Մի էջ հնդկահայ նվիրակության պատմությունից) Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում կարևոր դեր է վերապահվել Մայր Աթոռի նվիրակներին: Այս հանգամանքը իր հերթին պայմանավորված էր Սուրբ Էջմիածնի համայն հայության կյանքում ունեցած բացառիկ ազգապահպան դերով, որպես խորհրդանիշը հայ ժողովրդի ազգային հոգևոր միասնության: Հոգևոր այդ միասնությունը արտահայտվել է Սուրբ Էջմիածնից աշխարհասփյուռ հայությանը յոթ տարին մեկ առաքվող Սրբալույս Մյուռոնով, որը որպես դրոշմի խորհրդի կա-տարման կնիք, միաժամանակ ընկալվել է որպես հայության ազգային դրոշմ ու կը-նիք: Սրբալույս մյուռոնով կնքված ամեն մի հայ անտեսանելի մի ճառագայթով կապվել է Սուրբ Էջմիածին ու Հայոց աշխարհին: Ինչպես գրում է մեր եկեղեցու քսաներորդ դարասկզբի ամենապայծառ դեմքերից Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը. «Մյուռոնն է հանդիսանում ամենասերտ և ամենից ամուր հոգևոր զոդը ի սփյուռս աշխարհի տարածված բոլոր հայերի համար: Սրբալույս Մյուռոն, որ աստվածային զորությամբ մաքրում է մեր մեղսամած մարմինները և ճանապարհ բանում մեր հոգու առաջ դեպ երկնային լուսո հավիտենական կայանները»:1 Սուրբ Էջմիածնի, որպես Հայոց աշխարհի նվիրական սրբությունների հավաքա-կան խորհրդանիշը լինելու և այնտեղից բաշխվող Մյուռոնի մասին 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է. «Հայոց աշխարհում են իրենց հայրերի ու նախնիների գերեզմանատները, վանքերն ու ուխտատեղիները, որտեղ սրբերի դամբարաններն են ու մանավանդ մեծահանդես Աթոռը` Սուրբ Էջմիածինը, ուր գտնվում է Գրիգոր Լուսավորչի Աջը, որով օրհնվում է Սուրբ Մյուռոնը, որտեղից (Էջմիածնի մեռոնը) գնալով սփռվում է ամբողջ աշխարհում ապրող հայերի մեջ, որտեղ էլ լինեն: Այս պատճառով հայոց ողջ ազգը հնազանդվում է Էջմիածնի Սուրբ Աթոռին և նրա կաթողիկոսին, որ նստում է այնտեղ»:2 Յոթ տարին մեկ օրհնվող Մյուռոնը Սուրբ Էջմիածնից Հայոց եկեղեցու տարբեր թեմերն, այդ թվում ամենահեռավոր, տանում էին Մայր Աթոռի նվիրակները: Սրբա-լույս Մյուռոնը տանող հոգևորականները այսպես են անվանվել, քանի որ նրանք գնալով Սուրբ Էջմիածնից, գաղթաշխարհի հայությանը պատմում էին Հայոց աշ-խարհի նվիրական սրբությունների մասին և բաշխում նվիրական նվերը` Սուրբ Մյուռոնը, և ապա իրենց գնացած թեմերից հավաքում Սուրբ Էջմիածնին տալիք կա-մավոր տուրքը` հոգևոր նվերը: Այսպիսով նվիրակները իրականացնում էին թե՛ նը-վիրաբաշխությունը և թե՛ նվիրաստացումը: 18-րդ դարում գրված «Յաղագս նուիրակաց Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի»3 (Կա-թողիկե Սուրբ Էջմիածնի նվիրակների մասին) հրահանգում 12 կետերով սահման-ված են նվիրակների իրավասությունները և պարտականությունները: Այս հրահան-գի երրորդ կետում ասվում է. «Նվիրակի պաշտոնն է պատմել ողջությունից և շի-նությունից լույսի մոր` Սուրբ Էջմիածնի Կաթողիկե մասին բոլոր նրանց, ովքեր հարցնում են նրա վիճակից, մղված ծնողի հանդեպ սիրուց, և բաշխել Սրբալույս Մյուռոնը, որն է ամենամաքուր կաթը իրենց երկնավոր անախտ ծնողության, մայ-րական պարգևը իր զավակներին»: Հաջորդ կետով արդեն ասվում է, որ նվիրակները նախ շնորհակալությամբ պետք է ընդունեն այն «նվերներն ու ընծաները, որոնք իրենց որդիական սիրո ջեր-մեռանդությամբ` հանուն իրենց լուսածին ծնող Սուրբ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի» նվիրում են «Սուրբ Կաթողիկե Էջմիածնի հարազատները` ծնողասեր և աստվածա-սեր մեր հայոց ազգը»: Հայ գաղթավայրերը որքան հեռու էին Մայր երկրից, այնքան ավելի քիչ էր հա-ղորդակցությունը հայրենիքի հետ և յոթ տարին մեկ եկող նվիրակները իրենց բե-րած հայրապետական կոնդակներով ու Սրբալույս Մյուռոնով Մայր երկրի նվիրա-կան շունչն էին բերում, պատմելով Հայոց աշխարհից ու հոգևոր մխիթարություն պարգևելով նրա տարագիր զավակներին: Նման հեռավոր գաղթավայրերից էր և հնդկահայ գաղութը, ուր նվիրակները հասնում էին անասելի մեծ դժվարություններով, հիմնականում ծովային ճանա-պարհով, դուրս գալով Բասրայից (Իրաք) և տեղ հասնում Հնդկական օվկիանոսը կտրել անցնելով: Այս ճանապարհին նրանք բնականաբար ենթարկվում էին ծովային տարերքի ալեբախումներին և ծովահենների հարձակումներին, սակայն չերկնչելով առաջ էին գնում, Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու Սրբալույս Մյուռոնը ժամ առաջ հասցնելու հեռավոր հնդկահայությանը: Մայր Աթոռի նվիրակներից նման դժվարին ճանապարհ է անցել Հովհաննես եպիսկոպոս Պոնտացին: Նվիրակական ընդունված երթուղով նա Հնդկաստան է ուղևորվում Բասրայից, որտեղից նա և իր ուղեկիցները նավ են նստում 1762 թվակքանի հունվարի 20-ին: Քառասուն օր նավով գնալուց հետո հասնում են Հնդկաստանի Բանդահար Սու-րաթ նավահանգստային քաղաքը: Այնտեղի հայ համայնքում ավարտելով նվիրա-կության գործը, ապրիլին նավով ճանապարհվում են Կալկաթա: Ծովային այս ճա-նապարհորդությունը տևում է մոտ վաթսուն օր և երբ նավը մոտենում է Կալկա-թային, և ցամաքն արդեն երևում է, Հովհաննես եպիսկոպոս Պոնտացու բնորոշ-մամբ, երբ նավը «ցամաքից այնչափ էր հեռու, որքան տարածությունը, որ կա Երե-վանից Սուրբ Էջմիածնի միջև, ուժեղ փոթորիկ է բարձրանում»: Հատկանշական է, որ հայրենիքից եկող հոգևորականի համար չափման միավոր է դառնում հայության հոգևոր կենտրոնից մինչև քաղաքական կենտրոնն ընկած տարածությունը, որպես յուրօրինակ հայկական չափ: Ալեկոծվող ծովում նավը սկսում է տարուբերվել, տաշեղի նման այս ու այն կողմ շպրտվել: Խորտակվող նավից ուղևորները փորձում են փրկվել փոքրիկ նավակներ նստելով և կամ նավագերաններին փաթաթվելով, որ օվկիանոսի ալիքները դրանք ափ նետեն և իրենք այդպես փրկվեն: Հովհաննես եպիսկոպոսը սակայն մի քանի օր մնում է խորտակվող նավում, որն այնուհետև մասերի է բաժանվում և ինքն ու իր ուղեկիցները որպես նավի տեղ ծա-ռայող մի տախտակի կառչած, ափ են հասնում և հրաշքով փրկվում: Ափին երեսն ի վայր ընկած աղոթում և փառք են տալիս Աստծուն, որ փրկվել են: Նավաբեկության ժամանակ ծովն է ընկնում նվիրակի սնդուկը, եպիսկոպոսա-կան հանդերձները, հայրապետական կոնդակը և մի քանի գրքեր: Նվիրակը շատ է մորմոքում այս կորստյան համար, սակայն զարմանահրաշ ձե-վով Սուրբ Մյուռոնի ամանը փոթորկալից ալիքները ափ են նետում անխաթար կերպով, և նվիրակը այն գտնում է, որը երկրորդ մեծ ուրախությունն է դառնում նրա համար իր փրկվելուց հետո: Ինչպես ինքն է նկարագրում Սուրբ Մյուռոնի հրաշալի կերպով այսպես գտնվելը. «Բայց մինչև ազատվեցինք ծովից Վարդավառի պահ-քից երկու օր անց, երեքշաբթի օրն, առավոտյան ժամին` արեգակի ծագելիս, մինչ գնում էինք ծովի եզրով [ափով], այնժամ Աստծո անճառահրաշ սքանչելիքով հան-կարծակի գտանք Սրբալույս Մյուռոնը ամբողջ և անարատ, իր ամանով և ժապա-վենով կապած ու զմուռսով կնքված: Ինչպես որ էր սկզբնապես, մինչև փոթորիկը, նույն ձևով անաղարտ գտանք և այդ ժամի մեր ցնծությունը չեմ կարող գրով պատ-մել: Արդ, այդ նույն սնդուկում բազում գրքեր կային, չհաշված զգեստներն ու մը-նացյալ ամեն ինչը, սակայն դրանցից ոչ մեկը ափ դուրս չեկավ և չգտնվեց: Միայն Սրբալույս Մյուռոնը գտանք» և առնելով այն մեծ ցնծությամբ և ուրախությամբ գնում են:4 Փոթորիկը նրանց հեռացրել էր Կալկաթայի ափերից և հանել ամայի մի ծով-եզերք, որի երկայնքով նրանք բազմաթիվ օրեր են գնում մարդկանց և կամ մի բնա-կավայրի հանդիպելու համար: Այս ճանապարհին ևս նրանք բազում փորձություն-ների են ենթարկվում: Մի գիշեր մոտակա անտառից մի առյուծ է ելնում և հոշոտում նավաբեկյալներից մի քանիսին: Մյուսները հրաշքով են փրկվում, որից հետո գի-շերները ստիպված ելնում են ծառերի վրա, որ գիշատիչների հարձակմանը չեն-թարկվեն: Օրեր շարունակ այսպես տարբեր վտանգների ենթարկվելով և կիսաքաղց ըն-թանալով հանդիպում են այդ կողմերով անցնող բրիտանական մի զորաջոկատի և փրկվում: Իր կրած վտանգների մասին Մայր Աթոռի նվիրակ Հովհաննես եպս. Պոնտացին գրում է 1763 թվականի հունվարի 15-ին Բենգալիայի Սեյդիբադ քաղաքից: Հակոբ Ե Շամախեցուն ուղղված նկարագրական այս նամակի վերջում նա ասում է, որ իր կրած տանջանքները և փորձությունները համառոտ է ներկայացնում, որ Վեհափառ հայրապետը չձանձրանա դրանց երկայն թվարկումից: Նամակի վերջում ասվում է, որ այն գրում է Սուրբ Սարգիսի պահքի չորեք-շաբթիին, իրեն անվանելով Սուրբ Էջմիածնի անարժան նվիրակ և Վեհափառ Հայ-րապետի անպիտան ծառա: Ահա այսպես մեծ դժվարություններ հաղթահարելով էին Սուրբ Էջմիածնի նվի-րակները տարագիր հայությանը հասցնում Մայր Աթոռի օրհնությունը և Սուրբ Մյու-ռոնը, դառնալով կենդանի կապող մի օղակ Մայր Աթոռի և գաղթօջախի հայության միջև:
|