სიახლეები
|
2019 թվականի ապրիլի 21-ին, Վիրահայոց թեմի Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը նշվեց տոնական Սուրբ Պատարագով: Այն մատուցեց Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումիում ՀՀ գլխավոր հյութատոս Եղիշե Սարգսյանը, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության Աջարիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աբեսալոմ Ասլանիձեն, Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Բաթումիի հավատացյալների հետ տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Օզուրգեթիի հայ համայնքի անդամները, ինչպես նաև Փոթի քաղաքից հատուկ ժամանած ուխտավորները: Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ քահանան ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը: Տեր Արարատ քահանան ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և Սուրբ Հարության շնորհավորանքը՝ ուղղված հավատավոր հայորդիներին: Տեր Արարատը շնորհակալություն հայտնեց Վրաստանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներին Հայոց Եկեղեցում տոնական Սուրբ Պատարագին ներկա գտնվելու և ողջունելու կապակցությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի, հյուրերը փոխադրվեցին «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Ողջունելով ներկաներին, կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի և Բաթումի թիվ 4 դպրոցի վրաց-հայկական դասարանի սաների և նրանց ծնողների մասնակցությամբ Սուրբ Զատկին նվիրված հայկական ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոնի խորհուրդը: Մասնակիցներին պատվոգրեր հանձնելուց հետո Սուրբ Հարության ավետիսով տեղի ունեցավ զատկական հյուրասիրություն:
|