Ոսկրածուծի դոնորագրման միջոցառում Թբիլիսիում |
Նոյեմբերի 25-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ոսկրածուծի կամավորների դոնորագրում: Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում լեյկեմիայով եւ արյան չարորակ հիվանդություններով տառապող հայորդիների կյանքի փրկության առաքելությամբ զբաղվող, հարավկովկասյան տարածաշրջանում միակը հանդիսացող, 1999 թվականին հիմնադրված Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում կազմակերպված դոնորագրման գործընթացում ներգրավվել էին Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպություններ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը եւ Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Թբիլիսիի հայ համայնքում դոնորագրում անցկացնելու բարեգործական միջոցառման նպատակն էր ընդլայնել տվյալների բանկը, որի օգնությամբ հնարավոր է դառնում համատեղելի դոնորների հայտնաբերումը եւ ցողունային առողջ բջիջների կենսափրկիչ փոխպատվաստումը: Կամավոր դոնորագրմանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը եւ աշխատակիցները` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ, Վիրահայոց հոգեւոր դասը՝ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոս Միրզախանյանի գլխավորությամբ, «Հայարտուն» կենտրոնն իր աշխատակազմով և այցելուներով եւ հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ: |