Ախալցիխեում «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում բացվեց գրադարան |
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին, Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքում կայացավ «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միության գրադարանի հանդիսավոր բացումը: Միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը՝ խոսելով հայ գրքի և գրատպության 500-ամյակի մասին, գրադարանի բացումը խորհրդանշորեն կապեց դրա նշանավորման հետ: Հավաքվածներին ողջունեցին Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը և Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Նրանք կարևորեցին նորաբաց գրադարանի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդին գիր-գրականությանը մերձեցնելու և զարգացնելու համար: Մարդու կյանքում գրքի ունեցած դերի մասին խոսեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանն ընդգծելով, որ հայ ժողովրդի համար գիրքը պատմականորեն եղել է հոգևոր ուժերի վերականգնման աղբյուր: Ախալցիխեի երիտասարդական մշակութային կենտրոնի մանկական համույթը՝ խմբավար Հեղինե Մանասյանի գլխավորությամբ, կատարեց հայոց այբուբենին նվիրված երգեր: Միջոցառումն ավարտվեց «Հայր մեր» աղոթքով: Արտեմ Գրիգորենց |