1geo

fb you od

Կալանավայրից ազատվեցին հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը PDF ბეჭდვა ელ. ფოსტა

736824 313945368722282 122305321 o

2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին, կեղծ մեղադրանքներով, ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների   դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:

2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված   համաներման մասին օրենքի համաձայն, այսօր, հունվարի 13-ին, մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին   նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:

     Սրբազան Հայրը Եկեղեցում աղոթեց և օրհնեց Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդներին:

       Իր խոսքի մեջ Արմեն Գևորգյանը ի լուր ժողովրդի, իր և մյուս քաղբանտարկյալների անունից երախտագիտություն հայտնեց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր երկու տարի 2 ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին և հայ և վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նրանց ազատման հարցում:

   Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

     Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:

     Մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը: