Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին |
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում անցկացված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ծրագրային օրերից օգոստոսի 9-ից 14-ը տրամադրված էին խմբերգային արվեստի օրերին: Ինչպես մշակույթի մյուս տեսակների, այնպես էլ խմբերգային արվեստի օրերին իր մասնակցությունն ունեցավ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը: «Խմբերգային արվեստի օրերի» հագեցած և բազմաբովանդակ միջոցառումներին փայլուն ելույթներով հանդես եկավ «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթը(գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով, խմբավարներ ՝ Մառա Աբուլյան, Մարիաննա Մամաջանովա):
Փառատոնն ընթացավ երկու փուլով, ընդորում օգոստոսի 9-11-ը տրամադրված էր մանկական երգչախմբերի ելույթներին: Փառատոնի օրերին «Սբ.Ներսես Շնորհալի» կրտսեր խմբին ուղեկցում էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը և գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը: Օգոստոսի 9-ին Նորքի «Հայորդաց տանը» կազմակերպվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակիցների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ: Հանդիպումը անջնջելի տպավորություն թողեց բոլոր ներկաների սրտերում: Այն անմոռաց դարձավ նաև գեղեցիկ ելույթով ներկաների հիացմունքին արժանացած կրտսեր ներսեսշնորհալցիների համար:: Օգոստոսի 10-ին երգչախմբային ընկերության դահլիճում Սփյուռքից ժամանած երգչախմբերը հանդիպում ունեցան խմբերգային արվեստի անվանի գործիչների հետ: Հանդիպմանը ներկա էին արվեստի ժողովրդական գործիչ, պրոֆեսոր, Հովհաննես Չեքիջյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Իվան Վարդանյանը և Կարինե Առաքելյանը: Նույն օրը Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Խմբերգային արվեստի օրերի» բացման հանդիսավոր արարողությունը:Սպասածից վեր էր ներսեսշնորհալցիների փայլուն ելույթը համերգասրահում: Աշխարհահռչակ երգահանի, ծագումով թբիլիսահայ Արամ Խաչատրյանի անունը առանձնահատուկ լիցք հաղորդեց փոքրերի ելույթին և այն ուղեկցվեց հանդիսատեսի բուռն ծափահարություններով: Վառ էին տպավորությունները Գառնիի տաճար այցելությունից ն հեթանոսական տաճարի աստիճանահարթակի վրա խմբված' փառատոնի մասնակիցների կատարած հայ երգից: Փառատոնի օրերին մանկա-պատանեկան համույթի փայլուն ելույթների ոգևորիչ շարունակություն էին դառնում փառատոնի շրջանակներում նախատեսված այցելությունները և շրջագայությունները մայր հայրենիքում, ուրախ ժամանցը ջրաշխարհում: Վառ տպավորություններով հարստացած, մայր հայրենիքով ոգևորված մանկապատանեկան համույթին մասնակցությունը շարունակեց Վիրահայոց Թեմի «Սբ.Ներսես Շնորհալի» համույթի ավագների խումբը (խմբավար՝ Մարիաննա Մամաջանովա) որը փառատոնին ընդգրկվեց օգոստոսի 11-ից Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի տեխնիկական պատասխանատո Վալերի Բադալյանի ուղեկցությամբ: |