1geo

fb you od

Վրաստանի վարչապետը վիրահայությանը շնորհավորեց Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ PDF ბეჭდვა ელ. ფოსტა

735568 311026155680870 893192830 o

Հունվարի 6-ին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ ներկա գտնվեց Սուրբ Ծննդյան   տոնական Սուրբ Պատարագին: Վրաստանի վարչապետի հետ միասին Սուրբ Պատարագին մասնակցեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի վերինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, խորհրդարանային մեծամասնության ֆրակցիայի ղեկավար Զաքարիա Քուցնաշվիլին, խորհրդարանի անդամներ Ռուսլան Պողոսյանը, Գիգի Ծերեթելին, Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին, խորհրդարանի և կառավարության անդամներ:

736302 311025685680917 1378839592 o

Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը   դիմելով ներկաներին, խոսք ասաց հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, որ պատմականորեն դրսևորվել է հավատակից ժողովուրդների   հարաբերություններում, երկու եկեղեցիների բարեկամությամբ: Սրբազան Հայրը օրհնության և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց երկրի վարչապետին Հայաստանի Հանրապետություն կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ:

Այնուհետև հավաքվածներին Սուրբ Ծնունդի, Աստվածհայտնության և ջրօրհնեքի կապակցությամբ շնորհավորանքի խոսքերով դիմեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

- Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կիսելու այն մեծ ուրախությունը, որը գալիս է Սուրբծննդյան, Ջրօհնեքի հրաշափառ տոներից: Վրաստանի ազգային, մշակութային և կրոնական բազմազանությունը մեր երկրի ամենամեծ հարստությունն է: Մեր երկիրը հպարտ է այն մշակութային ժառանգությամբ, որը ստեղծել են այստեղ բնակվող տարբեր ազգային և կրոնական խմբերի ներկայացուցիչները: Մեր պարտքն է պահել և պաշտպանել այս ժառանգությունը որպես համամարդկային   մշակույթի մաս – հայտարարեց երկրի վարչապետը:

Տոնական Սուրբ Պատարագից հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ միասին ներկա գտնվեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում   Վրաստանի Հայ կանանաց «Շուշանիկ» միության (նախագահ Սուսաննա Խաչատրյան)   կազմակերպած հայկական գաթայի փառատոնին: Հայկական ավանդական գաթան որպես մեր պատմության և կենցաղի խորհրդանիշ Վրաստանի հայաբնակ տարբեր տարածաշրջաններից ներկայացվել էր իր տարատեսակներով,   արժանանալով հյուրերի բարձր գնահատականին::  

Բաժակ բարձրացնելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության համար, վարչապետ Իվանիշվիլին հայտարարեց. «Մեծ է մեր համաքաղաքացի   հայերի դերը Վրաստանի պետության մեջ,   տնտեսական և մշակութային զարգացման գործում և այս դերը դեռևս պատշաճ ուսումնասիրության և գնահատման կարիք ունի»: Նա վերստին հավաքվածներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Հյուրերը դիտեցին «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի (պարուսույց Սվետլանա Երիցյան) գեղեցիկ պարը, մենակատարներ Աննա Պողոսովայի և Ռուբեն Ոսկանյանի ելույթները:

Սուրբ Ծննդյան տոնական տրամադրությունը շարունակվեց հայկական գաթայի հյուրասիրությամբ, ուրախ երգով ու պարով: