2015 թվականի դեկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը իրականացրեց նախատոնական այցելություն սահմանափակ կարողություններով երեխաների մոտ: Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, համակարգող Նինա Սերոպովայի, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ու երաժշտական ձևավորող Սերգեյ Արությունյանի կազմով, Վիրահայոց թեմի պատվիրակությունն այցելեց Թբիլիսիի թիվ 202 տեսողությունից զուրկ երեխաների հանրային դպրոց-պանսիոնատ:
Դպրոցի սովորողները հյուրերին դիմավորեցին մեծ ուրախությամբ և ցուցադրեցին իրենց ուրախ երգերը: Դահլիճում հավաքված աշակերտներին և նրանց ուսուցիչներին երգով ու պարով ողջունեցին «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական պարի խումբը և «Հայոց բենդ» վոկալ-գործիքային համույթի մենակատար Անի Հովհաննիսյանը: Այնուհետև դպրոց-պանսիոնատի չորս տասնյակից ավելի սովորողները ստացան ամանորյա նվերներ, որոնք էլ ավելի բարձրացրեցին նրանց ուրախ տրամադրությունը: Դպրոցի տնօրեն Խաթունա Ջալաղոնիան բարձր գնահատեց Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց ուրախ համերգի, առանձնապես հայկական երգն ունկնդրելու դպրոցի սաներին ընձեռված հնարավորության և ամանորյա նվերների համար: Երկուստեք նշվեց, որ նման միջոցառումները օժանդակում են սահմանափակ կարողություններով երեխաների ինտեգրմանը քաղաքացիական հասարակությանը:
|