1

fb you od

Անդրիա աբեղայի անվան վերականգնողական տան երեխաներին Վիրահայոց թեմի ամանորյա նվերները PDF Տպել Էլ.փոստ

IMG 332 

Հնով նոր տարին ուռուցքային տարբեր հիվանդություններով տառապող երեխաների համար տոնական դարձնելու նպատակով, Վիրահայոց թեմը կազմակերպեց այցելություն Թբիլիսիում գտնվող Անդրիա աբեղայի անվան հիվանդ երեխաների վերականգնողական տուն: Այցը նախաձեռնել էր թեմի երիտասարդական բաժինը առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստների, պաշտոնեության և հոգևոր դասի հանգանակած միջոցներով պատրաստած ամանորյա նվերներին ավելացան նաև վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի նվիրաբերած տուփերը՝ հիգիենիկ միջոցներով և տարբեր խաղալիքներով:

2016 թվականի հունվարի 13-ին, ուռուցքային հիվանդություններով տառապող 57 երեխաներին ամանորյա տոնահանդես կազմակերպելու նպատակով, երիտասարդական խումբը՝ տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, կամավոր Լուիզա Թամամյանի և Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ, այցելեց վերականգնողական տուն:

Այստեղ գտնվող ուռուցքային տարբեր հիվանդություններով տառապողների մոտ նախատոնական ուրախ տրամադրություն ստեղծեցին Վրացական Հանրային հեռուստատեսության հայերեն «Մոամբե» լրատվական թողարկման վարող Աննա Բադալյանը, առաջին անգամ նրանց այցելած Ձմեռ պապ Էմիլ Սարգսյանը և Ձյունանուշիկ Անի Հովհաննիսյանը: Ուրախ երգն ու երաժշտությունը և ստեղծված բարձր տրամադրությունը փոխանցվեց նաև 2-19 տարեկան հիվանդներին, ովքեր երգով ու արտասանություններով ընդգրկվեցին տոնահանդեսին: Այնուհետև երիտասարդ այցելուները երեխաներին բաժանեցին Ձյունանուշիկի և Ձմեռ պապի բերած ամանորյա նվերները:

Ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների վերականգնողական տունը ստեղծվել է հինգ տարի առաջ 17-ամյա Անդրիա աբեղայի ծնողների կողմից ձևավորված հիմնադրամի միջոցներով, կատարելով հիվանդ երեխաների մասին մինչև վերջ հոգալու միակ որդու վերջին խնդրանքը: Անդրիայի մորը, հիմնադրամի հիմնադիր տիկին Թինաթին Չխվիմիանիին այստեղ բոլորը մայր են անվանում, քանզի նրանք, վերականգնողական տանը ընդգրկված բոլոր կամավորներների նման, իրենց մայրական ողջ հոգատարությունը և գորովանքը տալիս են ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, ձգտելով գեթ մի փոքր թեթևացնել նրանց ցավերը:

Վիրահայոց թեմի երիտասարդներն իրենց այցելությամբ, ուռուցքային հվանդություններով տառապող այս երեխաների համար ստեղծեցին կյանքը վայելելու գեղեցիկ օր: Երիտասարդական բաժնի ուշադրությունը վերականգնողական տան երեխաների նկատմամբ կլինի շարունակական:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)