1

fb you od

Միխայիլ Լորիս-Մելիքովին նվիրված տեսաֆիլմի շնորհանդես Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

L.Meliqov 

2016 թվականի մարտի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ «Միխայիլ Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմի և «Էրգրի կարոտով» գրքի շնորհանդեսը:

Հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել օրվա առիթով մայր հայրենիքից ժամանած հյուրերը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը ողջունեց «Կարծիք» ստեղծագործական խմբի հերթական այցելությունը Թբիլիսի, այս անգամ արդեն հայազգի անպարտելի զորավար Միխայիլ Լորիս-Մելիքովին նվիրված տեսաֆիլմով:

Սերգո Երիցյանի գլխավորությամբ Հրաչիկ Պապինյանի, Սամվել Գալստյանի, Գարիկ Աբելյանի,Կարինե Տիտանյանի կազմով ստեղծագործական խմբի նկարահանած տեսաֆիլմը, Միխայիլ Լորիս-Մելիքովի ոչ միայն ռազմական ու պետական գործչի, այլև մեծ հայի սխրագործություններով հարուստ կյանքի վավերագրությունն է, ով՝ որտեղ էլ որ եղավ, հետաքրքրվեց իր ազգային խնդիրներով և ողջ կյանքի ընթացքում երազում ու պայքարում էր իր ժողովրդի անկախության և ազատագրման մասին։

Ռուսական կայսրի վստահելի անձը և երկրի պատասխանատու պաշտոններ կրողը, ապրում էր հայկականությամբ և անսահմանորեն սիրում էր իր ծննդավայր Թբիլիսին: Անպարտելի զորավարն իր կտակում խնդրեց, որ վերջին հանգրվանը գտնի Թիֆլիսում՝ իր զինակից գեներալների կողքին:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը ներկայացրեց նաև «Էրգրի կարոտով» ընդհանուր խորագրով գիրքը, որը Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության նկարագիրն է:

Տեսաֆիլմից ստացած իրենց տպավորություններում ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը արժևորեց հայկականությամբ ապրող մեծ զորավարի, հայրենասիրության ու հաղթանակների ոգեկոչողի, պետական ու հասարակական գործչի օրինակը սերունդների դաստիարակության գործում,, որի կիսանդրին զարդարում է ՀՀ ոստիկանության ակադեմիայի բակը, որպես անպարտելիության գաղափարի հաղթանակների վկա:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը, և նախկին մանկավարժ Միխայիլ Թադևոսովն իրենց ելույթներում կոչ արեցին սերունդներին լինել հայրենասեր, ապրել հայաշունչ, ոգևորվել նախնիների, հաղթանակած գեներալ-զորավարների օրինակով, գործել նորին հասնելու առաքելությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում բարձր գնահատեց Սերգո Երիցյանի Թբիլիսիում հայկական հետքը վերհանելու ազգանվեր գործունեությունը: Թեմակալ առաջնորդը հորդորեց որդեգրելով հայրենանվեր զավակների ճիշտ մտածելակերպը, նվիրումով ծառայել այն երկրին, որտեղ իրենք կայանում են որպես գործիչներ, սակայն ամենուրեք բարձր պահել իրենց ազգայինը, հայ լինելու հպարտությունը:

Սերգո Երիցյանը գնահատանքի խոսքեր ուղղեց տեսաֆիլմի վրա աշխատող ստեղծագործական խմբի անդամներին, ում արհեստավարժ աշխատանքի արդյունքում նկարահանվեց «Միխայիլ Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմը և կայացավ այս շնորհանդեսը:

Վերջում ներկաներին բաժանվեց Սերգո Երիցյանի, Սիմոն Ծատուրյանի, Միրզա Սլոյանի հեղինակությամբ գրված «Էրգրի կարոտով» գիրքը:

DSC05904 DSC05914 DSC05920 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)