Հանդիպում զոհված զինծառայողների մայրերի հետ |
Լուրեր |
2016 թվականի հունիսի 28-ին, Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցի այցելեցին Արցախում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների մայրերը: Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը զոհված զինվորների հոգիների խաղաղության համար կատարեց հոգեհանգստյան կարգ: Տեր Հայրը մխիթարանքի խոսքեր ուղղելով որդեկորույս մայրերին, արժևորեց հայրենասիրության և նվիրվածության այն վեհ զգացումները, որ որդու մեջ կարող է ներդնել միայն մայրն իր սիրասուն զավակի դաստիարակության ընթացքում: Որդեկորույս ուխտավորների հետ կայացավ հանդիպում Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս, նորանշանակ Եղիշե Սարգսյանը, համայնքային գործիչներ, կենտրոնի աշխատակիցները: Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը բացելով հանդիպումը, շնորհակալություն հայտնեց զոհված զինծառայողների մայրերին հերոս որդիներ մեծացնելու, հայրենիքի անսասան պաշտպաններ դաստիարակելու համար: Այնուհետև ցուցադրվեց տեսահոլովակ՝ նվիրված Հայոց բանակին: Երախտագիտության խոսքով հանդես եկան հյուպատոս Եղիշե Սարգսյանը և հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Երկուստեք նշվեց, որ մայր հայրենիքն ու նրա սահմանները կյանքի գնով պաշտպանելու ամենազորեղ պատգամ երիտասարդներին կարող է լինել հերոսաբար զոհված զինծառայողների մայրերի քաջալերանքը: Իրենց խոսքում զինծառայողների մայրերը, սրտում կրելով որդիների կորստյան ցավն ու կսկիծը, նշեցին, որ իրենք հպարտ են, որ իրենց զավակները զոհվել են հայրենիքի պաշտպանության համար: Շնորհակալություն հայտնելով իրենց զավակների հիշատակը պահելու համար, նրանք երիտասարդներին քաջալերեցին միշտ և ամենուրեք, թեկուզ կյանքի գնով պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց տունը, իրենց ծնողների պատիվը:
|