1

fb you od

Հրաժեշտ նախակրթարանին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor-Recovered 

2016 թվականի հուլիսի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, տեղի ունեցավ «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտների հրաժեշտի հանդիսությունը:

Տոնականորեն զարդարված դահլիճի կենտրոնում հպարտորեն բազմել էին հայկական ազգային տարազով զուգված ավագ խմբի սաները, իսկ շուրջբոլորը համախմբվել էին հրաժեշտի խոսքի սպասող նրանց ընկեր-ընկերուհիները:Դահլիճը բազմամարդ էր, տեղեր էին զբաղեցրել ոչ միայն ծնողները, ուսուցիչներ, նախակրթարանի նախկին շրջանավարտներ, այլև Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, հյուրեր հեռավոր Նովոսիբիրսկից, Հայաստանից:

Ցերեկույթն սկսվեց Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը անդրադարձ կատարեց մանկական այս հաստատության 5-ամյա տարեգրությանը, փաստեց 16 շրջանավարտներից 11-ին հայոց դպրոց ուղղորդելու իրողությունը: Կրթական բաժնի տնօրենը շնորհակալության խոսքեր ուղղեց նախակրթարանի աշխատակազմին, աջակիցներին և հատկապես ծնողներին, ովքեր կարևորելով իրենց զավակների հայեցի դաստիարակությունը, պատրաստակամությամբ օժանդակել են այս հաստատության աշխատանքներին:

Բարի երթի ջերմ խոսքերով, երգով, պարով և արտասանությամբ հրաժեշտի խոսք ասացին նախակրթարանի կրտսեր սաները: Իրավամբ մեծացել էին ավագ խմբի սաները: Հայոց Եկեղեցու, մայրենի լեզվի ու մայր հայրենիքի նկատմամբ մեծ սիրով տոգորված այն սրտառուչ խոսքը, գեղեցիկ պարը, ուրախ երգը, որ նախակրթարան հաճախելու տարիներին նրանց սովորեցրել էին հարգելի Եվգենյա Մարկոսյանը, ուսուցիչներ Օքսանա Շարոյանը, Մետաքսյա Ղազարյանը, Մարիա Աբուլյանը, Իվանե Մկրտչյանը, ակնհայտորեն նկատելի էր և արժանանում էր ներկաների գոհունակությանը և դրվատանքին:

Երեխաներին մանկության նոր, առավել պատասխանատու շրջան ոտք դնելու կապակցությամբ շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի տիկին Էլեոնորա Վարդանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության կրթության և մշակույթի հարցերով խորհրդական Էլինա Մկրտչյանը, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

«Հայարտուն» կենտրոնի հիմնադիր-բարերարներ հայր և որդի Բորիս և Արթուր Սաակովները, հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանը, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, տեսնելով բարի գործի նույնքան բարի պտուղները, հիացմունքով արժևորեցին երեխաների հայեցի դաստիարակության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը, որը նաև ուղեգիր է դեպի մեծ կյանք՝ ազգային մտածելակերպով:

Իրենց երեխաների օրը աղոթքով և հոգևոր հայրերի օրհնությամբ սկսելու, ուսուցիչների ազգային շնչով տոգորված ուսուցման և մայրական հոգատարության համար թեմակալ առաջնորդին, մշակութային կենտրոնին և նախակրթարանի ողջ անձնակազմին ծնողների երախտագիտությունը բարձրաձայնեց ծնող Անժելա Խաչատրյանը:

Ամփոփելով տոնահանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի ղեկավարին, ուսուցիչներին, դայակին, բոլոր ծնողներին: Հայրենիքից դուրս հայերենի և հայկական շնչի պահպանումը Սրբազան Հայրն անվանեց պայքար, որի դրական արդյունքները նկատելի են Թբիլիսիում, Բաթումիում, հայաբնակ այլ բնակավայրերում: Թեմակալ առաջնորդը նախակրթարանը ոչ միայն երեխայի դաստիարակության օջախ անվանեց, այլ նաև մշակութային միջավայր, որտեղ տարբեր առարկաներից նախնական գիտելիքների հետ միասին երգի, պարի, տարբեր խաղերի միջոցով երեխան ստանում է իրեն հարազատ մշակույթը, սովորում իր մայրենին:

Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդը շրջանավարտներին հանձնեց նախակրթարանն ավարտելու վկայականներ, հուշալբոմներ և սաներին բաշխեց իր հայրական օրհնությունը: 

DSC06953 copy DSC06960 copy DSC06977 DSC06991 copy

565656 DSC06994-Recovered copy DSC06998 copy Безымянныйzxc-Recovered copy