Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2016 թվականի հուլիսի 3-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն Սուրբ և Անմահ Պատարագով նշանավորվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Առավոտից ուրախ տրամադրություն և աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Հավատացյալները Պատարագի էին գալիս՝ մասնակից դառնալու սիրված տոներից մեկին՝ Քրիստոսի Պայծառակերպությանը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառին: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Սուրբ Գևորգ մայր եկեղեցու լուսարարապետ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը: Իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ եկեղեցիների բակերում ծայր առած ջրախաղով: «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած ուրախ երգով ու երաժշտությամբ, հայկական շուրջպարով թնդում էր Վարդավառի տոնակատարությունը, որ դուրս էր եկել եկեղեցիների մերձակա տարածք: Ջրախաղի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու Պատարագի մասնակիցները, զարմանք ու հետաքրքրություն առաջացնելով բազում զբոսաշրջիկների շրջանում, ովքեր սիրով միանում էին ջրվողներին ու պարողներին: Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյան տոնական հանդիսություններ տեղի ունեցան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցիներում: |