1

fb you od

«Հայարտուն» կենտրոնի 2015-2016 ուսումնական տարվա հաշվետու համերգը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavorr 

2016 թվականի հուլիսի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ կենտրոնի ստեղծագործական խմբակների հաշվետու համերգը, որը դարձավ խմբակների մեկ տարվա առաջընթացի ցուցադրություն: Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Առաջնորդարանի պաշտոնեությունը, հյուրեր, ծնողներ: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի ներկայացմամբ, իրար հաջորդեցին դուդուկի և դհոլի խմբակների սաների հոգեթով նվագը,պարային համույթի ավագների խմբի խրոխտ պարը և կրտսեր խմբի բեմելը, երգչախմբի կողմից ազգագրական և ժամանակակից երգերի կատարումները, էստրադային գործիքների համույթի գեղեցիկ նվագն ու երգը: Ուրախալի էր, որ հինգ տարի առաջ ստեղծված «Ներսես Շնորհալի» երգչախմբի մի քանի մասնակիցներ, մասնավորապես Ռուզաննա Միքայելյանը, Սոֆյա Մելքոնյանը, Անի Թորոսյանը, Անի Հովհաննիսյանը հանդիսատեսին ներկայացան անհատական կատարումներով:

Մեկ տարվա ընթացքում առավել մշակվել ու հղկվել է կենտրոնի սաների կատարողական արվեստը, ակնհայտ էր աշխատանքների այն առաջընթացը, որը նաև խմբավար ուսուցիչների ջանասեր աշխատանքի արդյունքն է:

«Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակների 2015-2016 ուսումնական տարվա հաշվետու համերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի բարձր գնահատանքին: Թեմակալ առաջնորդը գոհունակության խոսքեր ուղղեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանին`կենտրոնում հայկականությունը պահպանելու, «Հայարտուն» կենտրոնի գործունեությունը թումանյանական ոգով իսկական հայ արվեստի տան առաքելություն դարձնելու համար: Արժևորվեց նաև կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, հնչյունային ռեժիսոր Սերգեյ Արությունովի նվիրումը աճող սերնդի հայեցի դաստիարակության գործին:

Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց «Ներսես Շնորհալի» երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանի,դաշնակահար Կարեն Միրզոյանի, «Տարոն» պարային համույթի պարուսույց Սուրեն Աբրամյանի, դուդուկի և դհոլի խմբակների ուսուցիչներ Իվանե Մկրտչյանի, Ռոբերտ Կաշավանիձեի, «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի ղեկավար, երաժիշտ Վլադիմիր Ասատուրովի աշխատանքը՝ սաների հոգում հայ մշակույթի նկատմամբ սերը զարգացնելու և հետաքրքրությունը ճիշտ ուղղորդելու համար: Կարևորվեց խմբակների կողմից նաև այլազգի մշակույթից նմուշներ ներկայացնելու վարպետությունը:

Կենտրոնի սաների գեղեցիկ ելույթները առանձնակի շքեղություն էին ստացել ազգային բարձրարժեք տարազներից, որոնք երգչախմբի և պարի խմբի անդամներին նվիրել էր երաժիշտ, բանաստեղծ Մարինե Ալեսը:

Խմբակների սաները արժանացան նոր ուսումնական տարվա սկզբին Թբիլիսիի դահլիճներից մեկում գեղեցիկ համերգային ծրագիր ներկայացնելու պատվին: Նոր ուսումնական տարում «Հայարտուն» կենտրոնի համակարգում հանդես կգա նաև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևայի ղեկավարությամբ: 

DSC07105 DSC07108 DSC07134 DSC07127 

DSC07140 DSC07146 DSC07151 DSC07174