Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը Հայաստանի և Արցախի սրբավայրեր |
Լուրեր |
2016 թվականի հոկտեմբերի 20-23-ը Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվեց Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը Հայաստանի և Արցախի սրբավայրեր: Վրաստանի տարբեր շրջանների 20 հայ երիտասարդներ, երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ և Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում աղոթք բարձրացնելուց հետո ուղևորվեց դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝Արցախի պատմական և հոգևոր վայրերին ծանոթանալու, ինչպես նաև ընկերական կապեր հաստատելու և համատեղ ծրագրեր մշակելու նպատակով: Ուխտագնացությունը մեկնարկեց Եղեգնաձորի Նորավանք այցելությամբ, որից հետո երիտասարդները երթևեկեցին աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղով և իրենց աղոթքն առ Աստված բարձրացրին Տաթևի վանական համալիրում: Ուխտագնացության օրերին հայ երիտասարդները եղան Շուշիի մայր տաճար՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցիներում, գորգերի թանգարանում, Մարտունու շրջանի Ամարաս վանքային համալիրում, պատմական Տիգրանակերտում և պեղումների թանգարանում, Գորիսում, Գանձասարի վանական համալիրում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Դադիվանքում: Երիտասարդ ուխտավորները Ստեփանակերտում այցելեցին «Մենք ենք մեր սարերը» հուշակոթող և ծաղիկներ խոնարհեցին Արցախի հերոս ազատամարտիկների հուշահամալիրին: Հեռավոր Թբիլիսիից ժամանած երիտասարդների պատվիրակությանը Ստեփանակերտում, ընդունեց ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարը ողջունելով երիտասարդներին, արժևորեց «Ճանաչողական և համագործակցության այց Հայաստան և Արցախ» ծրագիրը և նշեց գոյություն ունեցող սերտ կապերը առավել խորացնելու և ամրապնդելու անհրաժեշտության մասին: Հանդիպման ընթացքում եղան համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ, ինչը երկուստեք ընդունվեց պատրաստակամությամբ: Մշակույթի նախարարության կողմից կազմակերպվեց ընթրիք՝ տեղի և Վրաստանից ժամանած երիտասարդներին միմյանց ծանոթացնելու նպատակով: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը և թեմի երիտասարդական բաժինը խորին շնորհակալությունն են հայտնում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանը՝ օժանդակության և աջակցության, ինչպես նաև «Ճանաչողական և համագործակցության այց Հայաստան և Արցախ» ծրագիրը նման բարձր մակարդակով կազմակերպելու և վիրահայ երիտասարդներին Հայաստանի և Արցախի եկեղեցիներ ուխտի հնարավորություն ընձեռելու կապակցությամբ: Արցախի ստեղծարար ժողովրդի հերոսական կամքով ոգեշնչված վիրահայ երիտասարդները վերադարձան Թբիլիսի՝ իրենց հետ բերելով նորանոր ընկերների բարեմաղթանքներն ու վերստին հանդիպելու սպասումը... |