Սարկավագական ձեռնադրություն Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2016 թվականի դեկտեմբերի 26-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում,Սուրբ Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի տոնը նշվեց Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով: Հընթացս Սուրբ Պատարագի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված ավանդույթի համաձայն, Ստեփանոսի բերկրառատ տոնի առիթով, կատարվեց սարկավագական ձեռնադրություն: Վերջին քսան տասրիների ընթացքում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում այս արարողությունը կատարվեց առաջին անգամ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ կատարվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Հովսեփ ուրարակիր Չիրախովի, Գևորգ ուրարարակիր Անտոնյանի, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու Օթար ուրարակիր Գիգաուրիի և Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու Պետրոս դպիր Գասպարյանի սարկավագական ձեռնադրությունը, ովքեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները: Սրբազան Հայրը Ձեռնադրության Ս. խորհրդից հետո ներկայացրեց Ս. Ստեփանոսի տոնի իմաստը, նշելով, որ Հայ Եկեղեցին այսօր ոգեկոչում է Ընդհանրական Եկեղեցու առաջին նահատակ Ս. Ստեփանոսի հիշատակը, ով իր կենարար արյամբ Քրիստոսի Եկեղեցու հիմքերն ամրացրեց: Դիմելով նորընծաներին` Սրբազան Հայրը հորդորեց նրանց հետևելու Սուրբի մարտիրոսական, խորհրդավոր, հեզ ու մաքուր հոգևոր ծառայությանը, լավագույնս արժեւորել այն մեծագույն առաքելությունը, որին կոչվում են նրանք` դառնալու Քրիստոսի քաղցր լուծի կրողներ: Գերաշնորհ Սրբազանը կարեւորեց այդ առաքելության իրագործումը սիրով ու հավատքով` իբրեւ Տիրոջն արժանի մշակներ: Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց նորընծա սարկավագներին, իրենց ազնով պահվածքով, գիտելիքներով և ծառայությամբ իրապես փառավորելու Հայոց Եկեղեցու անունը: Տվչության և ձեռնադրության արարողություններին մասնակցում էին Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հգշ. Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, հոգևոր դասը: Հավելենք, որ դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սարկավագական ձեռնադրության արժանացան ծննդով թբիլիսեցի Գևորգյան ճեմարանի սաներ Արտակ Անտոնյանը և Եղիշե Հարությունյանը: |