«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի սաների ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը |
Լուրեր |
2016թ. դեկտեմբերի 25-ին Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշով կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի Ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը: Սուրբ ծննդյան ոգով զարդարված դահլիճը , հրեշտակի ավետման, ինչպես նաև հովիվների և մոգերի երկրպագության տեսարանները բոլորին տեղափոխեցին այն ժամանակաշրջանը ,երբ տեղի էր ունենում Ավետարանի վկայությունը Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Միջոցառումից առաջ ներկաներին ողջունեց «Ալ. Մանթաշով» մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը և շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը: Այնուհետև սկսվեց տոնահանդեսը:Նախակրթարանի սաները ներկայացրեցին մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի զարմանահրաշ ծննդյան պատմությունը, ինչպես նաև հանդես եկան Ամանորյա տոնական արտասանություններով, ուրախ երգերով և պարերով: Երեխաների մասնակցությամբ գեղեցիկ տոնահանդեսն ավարտվեց «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» բարի ավետիսով : Հավարտ միջոցառման, շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Արժանապատիվ քահանան ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքն ու բարեմաղթանքները: Տեր Արարատը բարձր գնահատեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի սաների ելույթները, այն արժևորելով որպես մանկավարժների ջանադիր աշխատանքի վկայություն և մաղթեց, որ գալիք Նոր տարում նույն եռանդով մանկավարժները շարունակեն իրենց գործունեությունը, իրենց լավ աշխատանքով ավելացնելով նախակրթարանի սաների թվաքանակը: |