1

fb you od

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի ցուցահանդես Թբիլիսիի ազգային պատկերասրահում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

2017 թվականի հունվարի 10-ին, Վրաստանի ազգային թանգարանի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի չորս դահլիճներում ներկայացվեցին տաղանդավոր գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքովի 96 կտավներ: Դա մեծավարպետ նկարչի աշխատանքների առաջին ցուցադրությունն էր Թբիլիսիում: Ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Վրաստանի ազգային պատկերասրահը Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, շնորհալի նկարչուհի Իռեն Օհանջանովայի նախագծով և համակարգմամբ, նվիրված էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի ծննդյան 125-ամյակին և մահվան 50-րդ տարելիցին:

Հանդիսատեսով լեփ-լեցուն էին դահլիճները: Թբիլիսիի արվեստասեր հասարակայնությունը եկել էր դիտելու 20-րդ դարի վրացական կերպարվեստի ծագումով հայ հանճարեղ ներկայացուցչի անկրկնելի կտավները, որոնք փայլուն կերպով ուղենշում էին Թբիլիսիի բնիկ քաղաքացու ստեղծագործական ուղին: Ակեքսանդր Բաժբեուկ Մելիքովը աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով, հասավ ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի: Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով առանձնանում էին նրա ստեղծած կանանց դիմանկարները:

Բաժբեուկ Մելիքովի արվեստը լուրջ հիմք հանդիսացավ նոր և նորագույն գեղանկարչության զարգացման համար:

Սույն ցուցահանդեսը սահմանափակվեց դասական գեղանկարչի միայն Վրաստանում պահպանվող աշխատանքներով: Ցուցահանդեսին ներկայացվել էին Վրաստանի ազգային թանգարանի (Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարանի և Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի), Գիորգի Լեոնիձեի անվան վրաց գրականության թանգարանի հիմնադրամներում պահվող և մասնավոր հավաքորդների կտավները:

Ալեքսանդր Բաժբեուկ Մելիկովի արվեստի երկրպագուները և գնահատողները վերստին հնարավորություն ունեցան զգալու մեծ նկարչի գեղանկարչության հմայքը, խորանալու նրա հազվագյուտ ճաշակի մեջ, որը առանձնանում էր անկրկնելի վարպետությամբ, գեղանկարչության ոճի ոչսովորական իմացությամբ և պատմական փուլերի խոր ըմբռնմամբ:

Ցուցահանդեսը, որին ներկա էին նաև Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, տարբեր ազգի մտավորականներ, արվեստի գործիչներ և երկրպագուներ, բացեց Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն: Կարևորելով հայ-վրացական մշակույթի զարգացումը, փոխադարձ կապն ու ներդաշնակումը, գլխավոր տնօրենը արժևորեց Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքովի արվեստը, այն, որ նա եղել է վրաց նկարիչներ Լադո Գուդիավիլու, Ավթանդիլ Վարազի, Մոսե Թոիձեի, Իլիա և Կիրիլ Զդանեվիչների

ժամանակակիցը և գործընկերը, ովքեր իրենց անկրկնելի գործերով վրացական արվեստը դուրս են բերել համազգային ասպարեզ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնության խոսքում կարևորեց գույների անկրկնելիությունը և տրամադրությունների վերարտադրման վարպետությունը, և երկու քրիստոնյա ազգերի մշակույթների ձուլվածությունը, ներդաշնակումը, որպես մեկ համընդհանուր արվեստ ներկայանալը, որի վկայությունը այս ցուցահանդեսն էր:

Նախագծի հեղինակ, համակարգող և դիտորդ, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Իռեն Օհանջանովան շնորհակալություն հայտնեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, Վրաստանի ազգային թանգարանին և Վիրահայոց թեմին, նախագծի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Նախագծի ղեկավարը երախտագիտության խոսքեր ուղղեց նախագծի դիտորդ Ժաննա Սարուխանովային և արվեստագետ Դավիթ Անդրիաձեին՝օժանդակության համար:

Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքովի աշխատանքների ցուցահանդեսը Թբիլիսիում կշարունակվի մինչև 2017 թվականի փետրվարի 24-ը:

 

2 3 4 5

DSC09674 DSC09689 DSC09691 DSC09697