1

fb you od

«Անհայտներ հայտնիի մասին...» գունապատկերների հերթական բանախոսություն «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1-1 

2017 թվականի հունվարի 22-ին, ճանաչված մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում հանդես եկավ «Անհայտներ հայտնիի մասին...» շարքից գունապատկերների հերթական բանախոսությամբ: Մինչև բանախոսությունը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նորերս հանկարծամահ եղած Անահիտ Բոստանջյանի հիշատակը:

Սրբավայրեր,ամրոցներ և պատմական հուշարձաններ ուսումնասիրող Գոհար Հակոբյանը Հայկական լեռնաշխարհն ու Արագած լեռն անվանեց այն փարոսը, որը դեպի իրեն է ձգում հային՝ աշխարհի որ կետում էլ նա հաստատված լինի: Միջոցառման վարողը մեկ առ մեկ ներկայացնելով այդ տարածաշրջանի պատմական հուշարձաններն ու սրբավայրերը, հաղորդեց նաև դրանց պատմությունը, նշանակությունը և արդի իրավիճակը: Նրա բանախոսության տեսադաշտը Սյունիքն էր, Վայոց ձորը, Արագածոտնը:

Բանախոսը վեր հանեց մեզ հասած հատկապես 10-13-րդ դարերի հուշակոթողները:

Հետաքրքիր էին իշխան Վահրամ Պահլավունու կողմից կառուցված Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու (11-րդ դար), Մամախաթունի կողմից կառուցված Տեղերի վանքի (13-րդ դար), Հովհաննավանք հայկական վանական համալիրի (5-13-րդ դար), Կեչառիսի վանքային համալիրի (11-13-րդ դար), Հաղարծինի վանքային համալիրի (10-13–րդ դար), Մխիթար Գոշի կողմից կառուցված և նրա մահից հետո նրա անունով վերանվանված Գոշավանքի (12-րդ դար), Սյունյաց իշխանուհի Սոփիայի աջակցությամբ կառուցված միջնադարյան եկեղեցական համալիր Գնդեվանքի (10-րդ դար) մասին պատմությունները:

Իր մեկնություններում բանախոսը պատմեց հուշակոթողների հոգևոր, կրթական և պաշտպանական նշանակության, Վաչուտյանների, Փահլավունիների, Սյունյաց իշխանաց իշխանի տոհմերի մասին, ներկայացրեց եկեղեցիների ու մենաստանների ճարտարապետական ոճը, պատմական ճակատագիրը, նկարագրեց աշխարհագրական դիրքը և ռազմավարական նշանակությունը, վերծանեց յուրաքանչյուր հուշակոթողի անվանումը:

Գոհար Հակոբյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հավարտ միջոցառման, օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Գոհար Հակոբյանի սերն ու հետաքրքրությունը մայր հայրենիքի պատմության, հոգևոր և մշակութային կոթողների նկատմամբ, կարևորեց ուսումնասիրածը ներկաներին փոխանցելու ձգտումը, հորդորեց նույն ոգևորությամբ շարունակել բարձրաձայնել հայտնիների անհայտ էջերի մասին,սահմանափակելով սակայն մատուցվող նյութի ծավալը՝ այն ունկնդրի հիշողության մեջ ամրագրելու նպատակով:

Գունապատկերների շոուն մեծ տպավորություն գործեց ներկաների վրա:

1 2 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)