1

fb you od

Ուխտագնացություն Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Uxtagnacutyun Karmir gyugh 

2017 թվականի փետրվարի 4-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և առաջնորդարանի աջակցությամբ, իրականացավ թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ: Ուխտագնացությունը նվիրված էր օրվա խորհրդին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակությանը:

Վաղ առավոտյան ուխտավորների հոծ խումբը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներից ուղևորվեց դեպի Կարմիր գյուղ: Հասնելով գյուղ, ուխտավորները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրեցին Սրբոց Ավետարանչաց մատուռում:

Թբիլիսահայ ուխտավորներով և տեղի հավատացյալներով լեփ-լեցուն մատուռում, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց տեղում ծառայող արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

Հընթացս Սուրբ պատարագի, Պատարագիչ-քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայաստանում քրիստոնեության առաջին տարածողներ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, նրա որդիների և թոռների մասին, անդրադարձ կատարեց քրիստոնյա հավատքի համար նահատակված Սուրբ Սարգիս զորավարի,նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակին: Պատարագիչ քահանան քարոզչության մեջ կարևորեց առաջիկա սուրբ Սարգսի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հռչակվել է Երիտասարդների օրհնության օր և հորդորեց ներկաներին տոնը նշել Հայաստանում ընդունված եկեղեցական ծեսով և աղոթքով, նաև պահպանել ժողովրդական սովորույթները: Հավատացյալները և ուխտավորները հետաքրքրությամբ ունկնդիրը դարձան օրվա քարոզին և ստացան հաղորդություն:

Շուրջ 200 ընտանիք ունեցող Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը, տեղի մեծահասակների պատմածների համաձայն, 100 տարվա պատմություն ունի, գյուղը հայաբնակ է և այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանված ու մազապուրծ փրկվածների սերունդները: Հաստատվելով բարենպաստ պայմաններ ունեցող այս տեղանքում, հայերը պահել ու պահպանել են իրենց լեզուն, հավատքը, ազգային արժեքները: Սակայն ապրելով խորհրդային տարիների աստվածամերժման ժամանակաշրջանում, չեն ունեցել իրենց աղոթատեղին ու եկեղեցին, թերևս Աստծո տան կարիքը միշտ էլ զգացել են գյուղովի: Եվ ահա Վիրահայոց թեմի աջակցությամբ և տեղացիների հովանավորությամբ, 2012 թվականին այստեղ կառուցվեց և հանդիսավորապես օծվեց Սրբոց Ավետարանչաց մատուռը, որտեղ թեմի հոգևոր սպասավորները պարբերաբար մատուցում են Սուրբ Պատարագներ և անցկացնում ծիսական արարողություններ: 

IMGP0018 IMGP0879 IMGP0899 IMGP0912 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)