1

fb you od

Խոնարհում և գրքի նվիրատվություն Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

16836403 

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Թբիլիսահայության շրջանում ավանդույթ է դարձել հիշարժան օրերին այցելել հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և խնկարկել ու ծաղիկներ խոնարհել ազգի արժանավոր զավակների տապանաքարերին:

2017 թվականի փետրվարի 19-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո թբիլիսահայերը՝ ահել-ջահելով, մանուկ-երիտասարդով ուղղվեցին դեպի Մեծաց մեծերի պանթեոն, որտեղ  ամփոփված  է  Մեծ Լոռեցու  աճյունը: Դա հայ համայնքի մեծ սիրո և հարգանքի տուրքն է ժողովրդական մեծ բանաստեղծին, խոնարհումը նրա հիշատակի առջև: Թբիլիսահայերը՝ որոնց շրջանում էին մտավորականներ, արձակ և չափածո ստեղծագործողներ, թարգմանիչներ ու լրագրողներ, գրականության, մշակույթի և հասարակական գործիչներ, ծաղիկներով զարդարեցին Մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, դիմելով ներկաներին, կարևորեց Հայոց Պանթեոնում հանգչող երևելիների հիշատակը սրբությամբ պահելու և սերունդներին փոխանցելու թբիլիսահայության պարտականությունը: Հովհաննես Թումանյանի հայրենասիրական, ազգային, ժողովրդական, բարու, գեղեցիկի հաղթանակին նվիրված սրտամոտ ու սրտառուչ ստեղծագործություններին, դրանց արտահայտած գաղափարներին և դաստիարակչական ու միշտ արդիական իմաստնությանը անդրադարձ կատարեցին Թումանյանի տապանաքարի մոտ ելույթ ունեցողները. Երևանից ժամանած ճանաչված նկարիչ Մայիս Մխիթարյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, լրագրողներ Արտեմ Կիրակոզովը, Սուսաննա Խաչատրյանը, բանաստեղծ-թարգմանիչներ Միխայիլ Անանովը, Գարի Ղալամքարովը,Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան, վրացի բանաստեղծ Լևան Ցալուղելաշվիլին, ուսուցչուհի Մանանա Կարապետյանը և ուրիշներ:

Մեծ Լոռեցու բանաստեղծություններից, պոեմներից և քառյակներից գեղեցիկ ծաղկաբույլ էր Վիրահայոց թեմի Սուրբ Եղիա մարգարե կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի հուզիչ ասմունքը:

Հավարտ արարողության դիմելով  ներկաներին, Վազգեն Սրբազանը խոսք ասաց Հովհաննես Թումանյանի և Պանթեոնում հանգչող ազգի մեծերի հիշատակը և ազգային այս կառույցի նկատմամբ հարգանքն ու հպարտությունը պահպանելու պատգամով: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Մեծ բանաստեղծի հասարակական գործունեությանը, Հայոց արհավիրքի օրերին հայ որբերին տեր կանգնելու և նեցուկ դառնալու ազգանվեր առաքելությանը, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը ամրապնդելուն և խորացնելուն ուղղված քայլերին:

Տարիներ առաջ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի  ծննդյան օրը կատարվել է նաև գրքի նվիրատվություն: Թիլիսահայության շրջանում այս մտահղացման տարածողը և արմատավորողը Անահիտ Բոստանջյանն էր: Ավանդույթի համաձայն, Հովհաննես Թումանյանի տապանաքարի մոտ բարձրացել էր գրքերի կույտ: Բանաստեղծուհու անժամանակ մահից հետո գեղեցիկ ավանդույթը չխախտվեց: Անահիտ Բոստանջյանի դուստրեր՝ Մարինեի և Գայանեի ձեռքով ներկաներին բաժանվեցին գրքեր, որոնցից շատերը Անահիտ Բոստանջյան բանաստեղծ, թարգմանչուհու հեղինակությամբ էին կամ նրա խմբագրությամբ հրատարակված:

Գրքի նվիրատվության ավանդական գործողությունը վերստին դարձավ գիրքը սիրելու, ընթերցանությունից չկտրվելու և գիրք նվիրելու ավանդույթը համընդհանուր դարձնելու կոչ: 

1 1 1 2 1 3 1 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)