Լուրեր
|
2017թ. մայիսի 28-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոնական էր: Օրը ներառնում էր Երկրորդ Ծաղկազարդը, ասինքն՝ Երկնքում հրեշտակների կողմից Հիսուս Քրիստոսին դիմավորելը և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը: Բաթումում տոնը սկսվեց Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցած կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագով և այնուհետև հոգևոր դասի մասնակցությամբ Հանրապետական աղոթքով:
Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում՝ տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրվեց հանդիսույթ: Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, գեղագիտական դաստիարակության խմբակը, ուսուցչուհի Մարիետա Ապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ ներկայացրեց գեղեցիկ համերգ ինչը հիրավի օրը դարձրեց ուրախ և տոնական: Երեխաները հանդես եկան գրական մոնտաժով, հայրենաշունչ ասմունքով, հնչեցին հայրենասիրական և ազգագրական երգեր: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ մայիսյան ճակատամարտերի, դրանց հաղթանակների և առաջին հանրապետության հռչակման մասին: Մայիսյան տոների կապակցությամբ բաթումահայությանը շնորհավորեց միջոցառմանը ներկա Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, մաղթելով համայն հայությանը ազատ և անկախ հայրենիք, խաղաղ երկնակամար և երկրի առաջընթաց: Իր խոսքում Տեր Արարատ քահանա Գումբալյանը հորդորեց ներկաներին ստեղծագործ աշխատանքով, հայրենիքի նկատմամբ մեծ սիրով պահել ու պահպանել ազգայինը, սերունդներին դաստիարակել հայրենասիրության և ազգասիրության, Հայոց Եկեղեցուն հավատարմության ոգով: Հավելենք, որ երկու օր առաջ՝ մայիսի 26-ին կենտրոնի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցում կայացավ բաց դաս «Ավարայրի ճակատամարտ» թեմայով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանը հանգամանալից խոսեց 451 թվականի մայիսի 26-ին, տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի, Վարդանանց հերոսների մասին: Կիրակնօրյա դպրոցի սաները մեծ հետաքրքրությամբ և ակտիվ մասնակցությամբ քննարկեցին հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը, պատմական իրողությունից ստացած վառ տպավորություններով պատասխանեցին ուսուցչի հարցերին: Բաց դասը դարձավ վարդանանց պատերազմի օրինակով հայոց հերոսների ոգեկոչում:
|