Նռնօրհնեք Վիրահայոց թեմի եկեղեցիներում |
Լուրեր |
2017 թվականի դեկտեմբերի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Տարեմուտի Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում տարեմուտի օրը գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգ: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը: Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ հոգևոր դասի բոլոր անդամների մասնակցությամբ և հավատացյալ հոտի ներկայությամբ տեղի ունեցավ Ժամերգություն և Գոհաբանական մաղթանք: Հոգևոր արարողության վերջում Տեր Վազգեն եպիսկոպոսը դիմելով հավատացյալներին, փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի օրհնությունը և խոսեց նռնօրհնեքի խորհրդի մասին բացատրելով, որ հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Վազգեն Սրբազանը բացատրեց նաև Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նռան՝ Հիսուս Քրիստոսի հեղած արյան խորհրդապատկերը լինելը, հավելելով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ: Սրբազան հայրը օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության անդամներին, ովքեր արքայական նռերով զարդարել էին եկեղեցու Սուրբ խորանը և հոգևոր հայրերի հետ միասին օրհնեց եկեղեցու խաչի քավոր Յուրի Երեմյանի և հավատացյալների բերած նռերը, հորդորեց ամեն տարի Ամանորի նախօրեին մասնակցել Հայոց եկեղեցիներում նռնօրհնեքի արարողությանը և շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Գոհաբանական աղոթքով և նռնօրհնեքի արարողությամբ ավարտվեց հին տարին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: |