Լուրեր
|
2018 թվականի հունիսի 16-ին, Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշենի Սբ.Հրեշտակապետաց եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և հոգևոր ու սարկավագաց դասի մասնակցությամբ մատուցվեց սրբալույս Պատարագ : Օրը տոնական էր, Սուրբ և Անմահ Պատարագը նվիրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտին: Հակառակ գյուղում գյուղատնտեսական աշխատանքների թեժ ժամանակաշրջանին, տեղի բնակչությունը, որի շրջանում էին նաև բազում երիտասարդներ, պատանիներ և մանուկներ, իր մասնակցությունն էր բերել Սուրբ Պատարագին, ստանալու հաղորդություն և Թեմակալ առաջնորդի օրհնությունը: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ-Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին և շնորհավորեց հավատացյալներին՝ համազգային մեծ տոնի առիթով: Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը և օրհնությունը փոխանցեց շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանին՝ նրա անմնացորդ ծառայության համար: Տեր Վազգեն եպիսկոպոսը նաև իր օրհնությունը բաշխեց Ջիգրաշեն գյուղի ժողովրդին, տեղի ղեկավարությանը եկեղեցուն մշտապես աջակցելու համար: Սբ. Պատարագին իրենց ներկայությունն էին բերել Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Հավարտ Սուրբ Պատարագի համագյուղացիների կողմից կազմակերպվեց հյուրասիրություն:
|