2019 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության նախատոնակին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, հայ մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ, հյուրեր Հայաստանից: Մինչ Սբ. Պատարագի սկսվելը կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբ Գրքից հատվածներ: Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հընթացս Ս. Պատարագի Վազգեն Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը որպես պարգև մարդկությանը մեղքերից ձերբազատվելու, նրա ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, նրան դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու համար: Թեմակալ առաջնորդը հորդորեց հավատացյալներին իրենց աղոթքներում խնդրել, որ Աստծված Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա բեթխեհեմյան այն մսուրը, որտեղ ծագած Լույսը դառնա Սեր և բարություն, փառավորվի ամենքի կյանքում և հավատքի մեջ: Հավարտ Ս. Պատարագի Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոսը վառեց կենսատու մոմը, որը խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Այդ լույսը առավել էր, քան արեգակը, որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը: Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի Թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել:
|