2019 թվականի փետրվարի 19-ին, Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանում, ներկայիս Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, հանդիսավորապես մեկնարկեց Ամենայն Հայոց բանաստեղծի փառապանծ 150-ամյա տարեդարձի տոնակատարությունը: Հյուրասեր այս տունը կրկին մարդաշատ էր, հյուրընկալվել էին ամիսներ առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ ստեղծված տարածաշրջանային հոբելյանական հանձնախմբի անդամները, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետները: Թբիլիսիից ուղիղ կապ հաստատվեց Երևանի և բանաստեղծի ծննդավայր Դսեղի հետ, որտեղ նույնպես ընթանում էին տոնական միջոցառումներ: Թումանյանի տան ավանդույթի համաձայն, հյուրերը հավաքվեցին թեյի սեղանի շուրջ, որից հետո ներկա գտնվեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի կողմից «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնին նվիրած Ամենայն հայոց բանաստեղծի բրոնզաձույլ արձանի (քանդակագործ՝ Դավիթ Սիրբիլաձե) բացմանը: Բանաստեղծի ծննդյան օրը, նախկին տարիների նման, Վիրահայ համայնքի անդամները, գրողներ և հասարակական գործիչներ, դպրոցականներ այցելեցին Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ նրանց միացան Հայաստանից ժամանած ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, խորհրդական Արուսյակ Տերչանյանը, մերձավոր սփյուռքի հետ կապերի բաժնի ղեկավար Տարոն Շագոյանը, «ՋԱՀ» բարեգործական միության նախագահ Սոս Սահակյանը և ուրիշներ: Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ Հովհաննես Թումանյանի շիրմաքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ, ծաղիկներ խոնարհվեցին հայոց մեծերի տապանաքարերին: Այնուհետև երջանկահիշատակ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն, նրա դուստրերի կողմից իրականացվեց գիրք նվիրելու արարողությունը: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, քույր եկեղեցիներ առաջնորդներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Դահլիճում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ և աջակցությամբ ցուցադրվեցին թբիլիսահայ ճանաչված նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» կտավները: Ու սկսվեց հոբելյանական գրական գեղարվեստական միջոցառումը, որը վարում էին «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանը: Հայ-վրացական բարեկամության մեծ ջատագով Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Իսկ Վրաստանի նախագահի վարչության աշխատակից Կոնստանտինե Նացվլիշվիլին փոխանցեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհավորանքը: Թումանյան համաժողովրդական բանաստեղծի, բազմաժանր գրողի, ակտիվ հասարակական գործչի և մարդ-քաղաքացու մեծությունը կարևորեցին և շնորհավորանքի խոսք ասացին ՀՀ կրթության և գիտության նախարար, Հովհ. Թումանյանի տոնակատարության պետական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էր Թումանյանի ծոռնուհին՝ Ելենա Կոլեսնիկովան, իսկ մյուս ծոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը Գերմանիայից հղել էր իր շնորհավորանքի և երախտիքի ուղերձը: Մենակատարներ Սվետլանա Տատոևայի, Աննա Բադալյանի, Աիդա Բազոյանի, Իվանե Մկրտչյանի, Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի կատարմամբ դահլիճում տարածվեցին Թումանյանի անմահ ստեղծագործությունների մեղեդիները, հայերեն և վրացերեն ասմունքեցին Մհեր Մելիքյանը, Նանո Պողոսովան, Գարի Ղալամքարովը,: Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդը: Վազգեն Սրբազանը շնորհավորելով ներկաներին, գնահատանքի խոսքեր ուղղեց կազմակերպիչներին՝ ի դեմս հոբելյանական հանձնախմբի, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության: Անդրադարձ կատարելով հոբելյանական միջոցառումներին ունեցած ավանդի համար հուշամեդալներին, Տեր Վազգեն եպիսկոպոսը առաջին հուշամեդալները փոխանցեց ՀՀ կրթության և գիտության նախարար, Հովհաննես Թումանյանի տոնակատարության պետական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեին և IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանի ներկայացուցչին: Թեմակալ առաջնորդը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը և շնորհավորանքը Հովհ. Թումանյանին նվիրված հոբելյանական միջոցառման կապակցությամբ: Հայոց մեծ բանաստեղծի ծննդյան օրը Թբիլիսիում դարձավ հիրավի տոնական և թումանյանական շնչով հագեցած: Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները վիրահայ համայնքում կշարունակվեն ողջ տարվա ընթացքում:
|