Լուրեր
|
2019 թվականի մարտի 14-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում «Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Գոռ Նազարյանի և Անժելա Ավագյանի հետ: Հանդիպման նպատակն էր հիմնադրամի արդեն հնգամյա պատմություն ունեցող և Երևանում, Վանաձորում ու Արցախում գործող ծրագրին ընդգրկել նաև վիրահայ համայնքի տարբեր մասնագետների: Հիմնադրամը գործունեություն է ծավալել կրթությունը Հայաստանի բոլոր մարզերում բազմակողմանի և համատարած դարձնելու, երեխաներին իրենց ներուժը լրիվությամբ, ծրագրային բոլոր առարկաների շրջանակներում բացահայտելու հնարավորություն ընձեռելու ուղղությամբ: Դա կարող են կատարել տարբեր մասնագետներ, ովքեր մանկավարժությունից վերապատրաստում անցնելուց հետո կամավոր հիմունքներով կմեկնեն Հայաստանի մարզեր և կլրացնեն դպրոցական համակարգի այն առարկաների դասավանդման մասնագետների բաց տեղերը, որոնք առկա են այդ կրթօջախումներում: «Դասավանդիր, Հայաստան« հիմնադրամի հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց սույն հիմնադրամի գործունեության ուղղությունները, շրջանակները և մոտեցումները: Կարևորվեց հիմնադրամի՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման երկամյա ծրագիրը: Կոչ արվեց հայ համայնքի անդամներին ակտիվորեն ընդգրկվել ծրագրի իրականացմանը:: Ներկաները առաջադրած հարցերի միջոցով պարզաբանեցին ծրագրի առավելությունները, պահանջները և հայտադիմում ներկայացնելու կարգը: Հարցերը վերաբերում էին նաև Վրաստանից մասնագետների մասնակցությանը, տարիքային սահմանափակումներին, համաձայնագիրը լուծարելու կամ կրկին շարունակելու խնդիրներին: Հանդիպման ավարտին ներկաներին բաժանվեցին բուկլետներ և այցեքարտեր:
|