2019 թվականի ապրիլի 2-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Օզուրգեթիի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը: Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նորաբաց կենտրոնը կոչվեց Կոմիտաս վարդապետի անունով: Օզուրգեթիի կենտրոնը վարձակալել է Վիրահայոց թեմը, իսկ վերանորոգությունը կատարվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի նյութական միջոցներով: Վերջին տարիներին տեղի հոգևոր հովվության կողմից հիմնվել էր Սբ. Սահակ Պարթև մեկօրյա դպրոցը, որն իր աշխատանքներն էր կատարում Բաթումիի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի աջակցությամբ: Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, հաճախ լինելով համայնքում, հոգում էր ժողովրդի հոգևոր կարիքները և շատ անգամ կազմակերպում Օզուրգեթիի համայնքի ներկայացուցիչների այցը Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու Պատարագներին և համայնքային տարբեր միջոցառումներին: Այսուհետ ևս հոգևոր հովվի կողմից տեղում Սբ. Պատարագ մատուցելու և ժողովրդի հոգևոր պետքերին խնամք տանելու համար նորահաստատ կենտրոնի սրահում տեղադրվեց նաև Խորան: Օրը տոնական էր: Կենտրոնում հավաքվել էին ոչմիայն շաբաթօրյա դպրոցի սաներն ու իրենց ծնողները, այլ նաև Օզուրգեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և հյուրեր Բաթումիից և Թբիլիսիից: Հանդիսավոր արարողոսւթյանը ներկա էին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհհանիսյանը, թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը: Իր պատվաբեր ներկայությունն էր բերել Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը: Եկեղեցական արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սամցխե Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի և արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մասնակցությամբ կատարեց Սուրբ Սեղանի, Վեմ քարի, Աստվածամոր սրբապատկերի օծման և կենտրոնի օրհնության հանդիսավոր արարողությունը: Շարականների, սաղմոսների և աղոթքների հնչեղությամբ կենտրոնում ձևավորվեց հոգևոր մթնոլորտ, որը մեծ մխիթարություն պարգևեց տեղի ժողովրդին: Արարողության վերջում կիրակնօրյա դպրոցի սաները ներկաներին ուրախացրեցին իրենց հայերեն երգով և արտասանություններով: Շնորհավորանքի խոսք ասացին հյուպատոս Եղիշե Սարգսյանը, հոգեշնորհ Մաղաքիա Հայր Սուրբը և արժանապտիվ Տեր Արարատ քահանան: Վիրահայոց թեմի առաջնորդին և Ջինիշյան հիմնադրամին ուղղված երախտագիտության խոր զգացումով հանդես եկան Օզուրգեթիի հայ համայնքի անդամները: Եկեղեցական արարողության և տոնական միջոցառման վերջում Վազգեն Սրբազանն իր օրհնությունը բաշխեց Օզուրգեթիի հավատացյալ ժողովրդին, բարձր գնահատեց հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանայի և տեղի Սբ.Սահակ Պարթև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի ուսուցչուհի Իրինա Մարգարյանի կատարած աշխատանքները համայնքում, իր երախտագիտությունը հայտնեց Ջինիշյան հիմնադրամին՝ հանձինս Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակի տնօրեն Էլիզ Մինասյանի և Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի:Թեմակալ առաջնորդը նորաբաց կենտրոնին նվիրեց սրբապատկեր: Առաջիկայում կենտրոնում կհիմնվեն երգի և պարի խմբակներ: Օզուրգեթիի Կոմիտաս վարդապետի անունը կրող կենտրոնը Վիրահայոց թեմի թվով 10-րդ հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնն է:
|