2019 թվականի ապրիլի 3-ին, Բաթումիի երաժշտական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշյանց կենտրոնի ժողովրդական թատրոնի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» ներկայացման պրեմիերան: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Այստեղ էին գտնվում ոչ միայն բաթումահայեր, այլև Չաքվիից և Օզուրգեթիից ժամանած հայեր: Ներկայացման պատվավոր հյուրերն էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը,Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Հայոց լեզվի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի ղեկավարությամբ և կամավոր անձանց մասնակցությամբ կենտրոնը Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրեց Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հեքիաթի բեմադրությունը: Ներկայացմանը ներգրավված էին տարբեր մասնագիտությունների 13 սիրողական դերասաններ, ընդորում 5 երաժիշտ, 2 մարզիկ, արհեստավորներ, հասարակության տարբեր բնագավառի անդամներ: Նրանք մեծ նվիրումով, բարձր խանդավառությամբ, հարուստ երևակայությամբ ընդգրկվեցին բեմադրության իրականացմանը և դերասանական գեղեցիկ ու գրագետ խաղով օժանդակեցին բեմադրությունը թատերական բեմից ներկայացնելու պատվին: Տպավորությունը սպասածին գերազանցեց: Մեծ Լոռեցու միշտ արդիական ստեղծագործության բեմադրությունն ուղեկցվում էր ներկաների բուռն ծափահարություններով, մեծ ոգևորության և բավականության ջերմ արտահայտությամբ: Հավարտ ներկայացման գնահատանքի խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Բանախոսները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, Մանթաշյանց կենտրոնին, բաթումահայ համայնքին, կարևորեցին թատրոնի դերն ու նշանակությունը հասարակության ձևավորման գործում, բաթումահայերի միասնությունը: Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը Աջարիայի հայությանը, գնահատեց նրանց նվիրումը Հայոց Սուրբ Եկեղեցուն: Վազգեն սրբազանը անդրադարձ կատարեց Բաթումիի Ալ. Մանթաշյանց կենտրոնի գործունեությանը, որն իր նախակրթարանով, կիրակնօրյա դպրոցով, ստեղծագործական խմբակներով հիրավի դարձել է տեղի հայության ազգային կենտրոնը:Արժևորեց ժողովրդական թատրոնի ստեղծումը, ինչը անշուշտ նոր խթան է եկեղեցու շուրջ բաթումահայության համախմբման ուղղությամբ: Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը և գնահատանքն ուղղեց կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին և հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն.Գումբալյանին՝ճիշտ կազմակերպած գործունեության և նվիրական ծառայության համար: Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց կենտրոնի ուսուցիչներին և նորաստեղծ ժողովրդական թատրոնի կազմին և գնահատանքի ու շնորհավորանքի խոսքեր ուղղեց Սաթենիկ Դանիելյանին՝ մեծ աշխատանք կատարելու և բաթումահայերին գեղեցիկ միջոցառումներ նվիրելու համար: Սրբազան հայրը Սաթենիկ Դանիելյանին փոխանցեց Թեմի Պատվոգիրը: Տասնամյակներ առաջ Բաթումիում գործել է Հայկական պետական դրամատիկական թատրոն, որը գեղարվեսկան բարձրարժեք ներկայացումներով Աջարիայի հայությանը մոտ է պահել հայ թատրոնին ու նրա ավանդույթներին: Թատրոնի նկատմամբ սերն էր, որ ընդամենը մեկուկես տարի առաջ ուսուցչուհի Դանիելյանի մտահղացմամբ և հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ժողովրդական այս թատրոնը, որը մեծ սեր և հետաքրքրություն է վայելում բաթումահայ համայնքի շրջանում:
|