Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Վիրահայոց թեմում ծառայության կոչված Մայր Աթոռի միաբան հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով, նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, նստավայրը ք. Ախալքալաք: Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 13-ին, ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1997 թվականին ընդունվել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարան: 2000 թ-ին ավարտելով ընծայարանը, ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 2006 թ-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ստացել է սարկավագական ձեռնադրություն և աստիճան: 2006 թ-ի հունիսին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և Վեհափառ հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մայր տաճարում՝ իբրև լուսարար: 2007 թ. մարտի 22-ին պաշտպանել է ավարտաճառ «Հակոբ Կարնեցին և Կարինի նշանավոր վանքերը» թեմայով: 2007 թ-ի ապրիլի 15-ին՝ Կրկնազատիկի տոնին, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ստացել է կուսակրոն քահանայի աստիճան: 2007-2008 թվականներին ծառայության է կոչվել Խոր Վիրապի վանքում՝ իբրև վանահոր օգնական: 2008-2011 թվականներին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու, այնուհետև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ: 2011 թ-ի մայիս ամսին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ծառայության է կոչվել Արգենտինայի Հայոց թեմում՝ իբրև առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ: 2013 թ-ի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և տեղափոխությունները» թեմայով և ձեռամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ստացել մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն: Արգենտինայում ծառայության ընթացքին Բուենոս-Այրեսի պետական համալսարանում ուսանել է իսպաներեն լեզու, այնուհետև Բուենոս –Այրեսի Պապական համալսարանում շուրջ 2 տարի ուսանել է Աստվածաբանություն:: 2018 թ-ի հոկտեմբերին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և 2019 թվականի մարտի 20-ին, Հայրապետական տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, նստավայրը՝ ք. Ախալքալաք, Սբ. Խաչ առաջնորդանիստ մայր եկեղեցի: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին: |