Լուրեր
|
2019 թվականի ապրիլի 6-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոներից առաջինը՝ Սրբի մուտն ի Վիրապ և Խոր Վիրապում կրած չարչարանքները: Խորհրդավոր օրվան նվիրված Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց հոգևոր սպասավոր արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեց Եկեղեցու վարագույրը և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու հնարավորություն: Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ-քահանան հավատացյալներին ուղղված քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական հավատքի համար կրած չարչարանքների, նրա մուտքը Խոր Վիրապ, 13 տարվա ընթացքում դրսևորած մեծ կամքի, դիմադրության ուժի և Աստծուն ու Քրիստոսին նվիրվածության մասին:Խոր Վիրապում կրած չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը, նվիրվելով Քրիստոսի լույսի տարածմանը հայոց աշխարհում, դարձավ պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Հավատացյալները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը:
|